Կառավարությունը մարդկանց ասում է՝ նեղություն քաշեք, մի քիչ էլ աղքատ ապրեք. Լենա Նազարյան
Գնաճը պետք է դիտարկել աղքատության համատեքստում, իսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում գրեթե 30 տոկոս աղքատություն է, շուրջ 880 հազար մարդ ապրում է ամսական 41 հազար դրամով։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով փաստին, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ելք»-ի ներկայացրած նախագծին։
«Մարդկանց բացատրել, որ խնձորի էժանացումը փոխհատուցում է կարագի թանկացմանը կամ սխտորի էժանացում՝ մսի թանկացմանը, անտրամաբանական է։ Բացատրություններն ու արդարացումները տեղի չեն։ Ի՞նչ անեն մարդիկ, եթե ապրուստի շատ սուղ միջոցներ ունեն։ Հարցն այն է, թե ինչ սոցիալական քաղաքականություն է կառավարությունը վարելու։ Օբյեկտիվ գնաճի պայմաններում պետությունը պետք է սոցիալական քաղաքականություն վարի, որ բնակչության աղքատ հատվածը չտուժի»,- ասաց պատգամավորը։
Լենա Նազարյանի խոսքով, եթե իշխանությունը վիճակից դուրս գալու առաջարկներ չի անում, ապա պետք է ընդունի, որ լուծումներ չունի։
«Մեր ասածն այն է, որ եթե սոցիալական քաղաքականություն չեն վարում, թանկացումներ անելու իրավունք ևս չունեն։ Կառավարությունը հաշվի չի առնում, որ աղքատ է բնակչության 30, երեխաների՝ 34 տոկոսը, որ շուրջ 880 հազար մարդ ապրում է ամսական 41 հազար դրամով, որ 468 հազար կենսաթոշակառուների կենսաթոշակը 48 հազար դրամ է և որ 104 հազար մարդ անցած տարի չի կարողացել աշխատանք գտնել։ Կառավարությունը սա հաշվի չի առնում և թանկացնում է ապրանքները։
Եթե գոնե աշխատավարձերն ու թոշակները բարձրացնեին, խոսելու տեղ չէր լինի։ Բայց դա էլ չեն անելու՝ առնվազն մինչև 2020 թվականը։ Այս ամնեը հաշվի չառնել և մարդկանց ասել՝ նեղություն քաշեք, մի քիչ էլ աղքատ ապրեք, բենզինը թանկ է, մեքենաները գազով քշեք կամ միսը թանկ է՝ կարտոֆիլ կերեք, անընդունելի է»,- նշեց «Ելք» խմբակցության պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը մերժեց «Ելք»-ին
- Նիկոլ Փաշինյանն առաջարկում է փոփոխել Հարկային օրենսգիրքը. ՀԺ
- Քննարկվել է հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը մեկ տարի հետաձգելու հարցը