Հարձակումը տեղի ունեցավ, քանի որ դա ՀՀԿ-ի ոճի մեջ է, դա նրանց գործիքակազմն է. Ալեն Սիմոնյան
Եթե Երևանի քաղաքապետարանում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի փոխարեն տղամարդ լիներ, նույն բանն էր տեղի ունենալու: Հարձակումը տեղի ունեցավ, քանի որ դա ՀՀԿ-ի ոճի մեջ է, դա նրանց գործիքակազմն է: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
«Մեր գործիքակազմն այլ է, սակայն դա չի նշանակում, որ նման գործիքակազմ չի կարող ունենալ «Երկիր Ծիրանին» կամ մեկ այլ քաղաքական ուժ: Ակցիան իրոք լավն էր, բայց այդ պահին չէր հասկացվում՝ ինչ է կատարվում: Դա է եղել ակցիայի ամենաթերի կողմը»,- ասաց նա՝ նկատելով, որ ավագանու ցանկացած անդամ խուճապի կմատնվեր, եթե անսպասելիորեն տեսներ, որ ձեռնոցներով և դիմակներով անձինք ինչ-որ անհասկանալի հեղուկով տարաներով վազում են դեպի իրենց:
Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ հայտնի միջադեպից հետո իրենց խմբակցության անդամները մնացել են նիստերի դահլիճում, մտածված կերպով չեն գնացել ընդմիջման՝ հետագա հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու «Երկիր Ծիրանիի» կին անդամներին:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանն իր հերթին նկատեց, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները հենց կին լինելու պատճառով են հաճախ թիրախավորվում և վիրավորանքների ենթարկվում:
Նրա խոսքով, երեկ տեղի ունեցած միջադեպը լոկ քաշքշուկ չէր, դա թիրախավորված բռնություն էր կին քաղաքական գործչի նկատմամբ, որը, իրավապաշտպանի համոզմամբ, փորձել է պաշտպանվել սեռական ոտնձգությունից: «Մեր հասարակութունում կնոջն առանց լուրջ հետևանքների խտրականության ենթարկելը սովորական երևույթ է դարձել: Այն, ինչ արեցին ավագանու կին անդամները երեկ, շատ ճիշտ էր, քանի որ նրանք ինչ-որ ձևով քաղաքի խնդիրներին պետք է հաղորդակից դարձնեին քաղաքապետին և ավագանու անդամներին»,- ասաց իրավապաշտպանը:
Քննարկմանը ներկա քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների կատարածը շատ ռացիոնալ քաղաքական քայլ էր, իռացիոնալ էր ՀՀԿ անդամների պահվածքը: «Դա բռնություն էր կնոջ նկատմամբ, քանի որ եթե Մարինա Խաչատրյանի փոխարեն այնտեղ տղամարդիկ լինեին, ՀՀԿ տղամարդկանցից շատերը գուցե չմոտենային: Նրանք գնացին բռնության՝ ոհմակային տարբերակով՝ իմանալով, որ կինն իրենց չի կարող արժանի պատասխան տալ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Քաղաքագետի համոզմամբ, խիստ դատապարտելի էր, երբ «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հավասարության նշան դրեց ՀՀԿ-ի և «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամների միջև՝ նշելով, որ երկու կողմերն արժանի են իրար:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը տեղյակ չէ երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից
- Զ. Հովհաննիսյան. Ավագանու երեկվա նիստում սեռական ոտնձգության փորձ է եղել
- Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին
- Ոստիկանությունը Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի մասին ահազանգ չի ստացել
- Բժիշկները ցանկանում են զննել «Երկիր Ծիրանի»-ի անդամներին
- Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան