Միջազգային թվային վարկանիշներում Հայաստանն անտրամաբանական հետ է. վարչապետ
«Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ»,- այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը՝ դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին՝ երկամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանը և առաջընթացի ապահովմանը:
Բացի այդ, հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել և արձանագրել առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և դրանք ներկայացնել Կառավարության աշխատակազմ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին էլ հանձնարարեց ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղվածմշտադիտարկման և համապատասխան մարմիններին մասնագիտական օժանդակության տրամադրման գործառույթը:
Կարեն Կարապետյանը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետին էլ առաջարկեց մեկամսյա ժամկետում թվային գործիքների կիրառման և զարգացման, ինչպես նաև այլ ոլորտների էլեկտրոնային վիճակագրական բազային հիմքեր ստեղծելու և այդ հարթակի միջոցով՝ տարեկան տվյալների ամբողջական հավաքագրումը ապահովելու նպատակով, «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ e-Statistics պիլոտային ծրագրի նախաձեռնման և իրականացման վերաբերյալ:
«Այս վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք: Այսինքն՝ հետ ենք ոչ թե այն պատճառով, որ մեր վիճակն է վատ, այլ հետ ենք, քանի որ ուղղակի ռեգուլյար անհրաժեշտ ինֆորմացիան չենք տրամադրել: Այդ իսկ պատճառով՝ պարոն Գաբրիելյանին խնդրել եմ, որ բոլոր վարկանիշներն ամփոփենք, կոնկրետ պատասխանատու նշանակվի, որպեսզի հասկանանք՝ ով է թերացել իր աշխատանքում» ,- նշեց Կարեն Կարապետյանը: