Գիրք նվիրելու օրը կնշվի նաև Արցախում
Հովհաննես Թումանյանի թանգարանը փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան ու Գիրք նվիրելու օրը, կրկին բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ է պատրաստել իր այցելուների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը:
Նա նշեց սակայն, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փետրվարի 19-ն ավելի թեթև տոնական կլինի թանգարանում, ինչը պայմանավորված է 2019-ին Թումանյանի 150-ամյակի նախապատրաստական աշխատանքներով:
«150-ամյակի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարիներից, փետրվարի 19-ին կլինի տոնական թանգարանում, բայց ավելի թեթև քան նախորդ տարիներին, դա պայմանավորված է 150-ամյակի նախապատրաստական աշխատանքներով: Նախորդ տարիների պես, այս տարի էլ խառնաշփոթ անակնկալ կլինի թանգարանի փոքրիկ այեցուների համար, կլինեն ինտերակտիվ խաղեր, երեխաները միջոցառումների ակտիվ մասնակիցը կդառնան»,- նշեց Անի Եղիազարյանը:
Այս տարվա միջոցառումներից բանախոսն առանձանցրեց «Թումանյանը 20-րդ դարի լուսանկարիչների աչքերով» խորագիրը կրող ցուցադրությունը, որտեղ հիմնականում Ամենայն հայոց բանաստեղծի դիմանկարների բնօրինակներն են, որոնց մեջ կան նաև Թիֆլիսից բերված լուսանկարներ:
Հանդիպմանը ներկա Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը հայտնեց, որ իրենց միջոցառումներն այս տարի աշխարհագրական առումով փոփոխությունների են ենթարկվել:
«Այս տարի գիրք նվիրելու օրվան նվիրված մեր միջոցառումները կանցկացնենք Արցախում: Ստեփանակերտում փետրվարի 19-ին Արցախի մշակույթի նախարարության հետ համատեղ կտեղադրենք գրքի բանկ: Փորձելու ենք արցախցիներին նույնպես վարակել և ներգրավել այս գեղեցիկն տոնին, որը տարեցտարի մեծացնում է իր մասշտաբները»,-ասաց Մանուկ Նիգոյանը:
Նա ցավով նշեց, որ այսօր Արցախում գրախանութ չկա, կա միայն փոքրիկ տաղավար, որտեղ գրքեր են վաճառվում:
«Ես զգում եմ Արցախի կառավարության կողմից գրքի տարածման վերաբերյալ հետաքրքրությունը, սա նշանակում է, որ մենք կարող ենք բաց գործունեություն ծավալել այնտեղ և հետաքրքրությունը մեծացնել: Բայց մի վատ և տխուր տենդենց կա՝ Արցախում գործարար համայնքը հետաքրքրված չէ այս ոլորտում իրենց աջակցությունն ունենալու հարցով, իսկ նախաձեռնություններ իրականացնելու համար դժվար է առանց ֆինանսական աջակիցների»,- հավելեց Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրենը:
«Անտարես» հրատարակչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վարդուհի Բալյանն էլ տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը այս տարի ևս անցկացնում է ֆեյսբուքյան՝ արդեն ավանդական դարձած միջոցառումը:
«Օգտատերերը կիսվելով մեր էջում առկա գրքերի կազմերի լուսանկարներով, հավաքում են որոշակի քանակությամբ «լայքեր» ու տվյալ գիրքը նվեր են ստանում: Ստացվում է, որ ֆեյսբուքյան ընկերները իրենց հավանություններով գիրք են նվիրում միմյանց: Ներկայացված են օտարագիր և հայ ժամանակակից գրողները»,- նշեց Վարդուհի Բալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մանկապատանեկան գրքի տոնավաճառի շրջանակում գրքերի շնորհանդեսներ կլինեն
- Գիրք նվիրելու մշակույթը վերադառնում է
- «Գրքի բանկ»՝ Երևանում
- «Գրքի բանկ»-ում արդեն կա 9000 գիրք
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում