Արա Բաբլոյան. Հայ և ռուս ժողովուրդները դարերով կլինեն միասին
«Հայ և ռուս ժողովուրդները միասին անցել են բազմաթիվ փորձություններով և զրկանքներով, ինչը միայն ամրապնդել է մեր եղբայրությունը: Մենք միասին ենք և դարերով միասին կլինենք»,-հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ելույթ ունենալով իր անունից Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա են եղել 12 երկրների դեսպաններ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:
Իր ելույթում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծել է Ռուսաստանում հայ համայնքի դերը:
«Այն նպաստում է մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը: Տարեցտարի մեծանում է հայ համայնքի ներգրավվածությունը Ռուսաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Մենք վստահ ենք, որ ինչպես Ռուսաստանում հայերը, այնպես էլ Հայաստանում ռուսները մեր երկու երկրները միմյանց կապող ամուր կամուրջ են»,-ասել է Ա. Բաբլոյանը:
Խորհրդարանի խոսնակն ասել է, որ անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը քառորդ դար անշեղորեն զարգացրել են դաշնակցային փոխգործակցությունը:
«Մեր երկրները եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ են, տարեցտարի թափ է առնում ապակենտրոնացված համագործակցությունը, հետևողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար ոլորտում, մշակույթի, կրթության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում»,-ասել է ԱԺ խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- Հայ խորհդարանականները ՌԴ նախագահի առաջիկա ընտրությունում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում. Բաբլոյան
- Արա Բաբլոյան. «Միասին» ցուցահանդեսի անցկացումը թույլ կտա բացահայտել նոր հեռանկարներ
- Արա Բաբլոյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ պետդումայի նախագահի հետ