Սերժ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է իր 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մշտապես ուրախ են նրանց հյուրընկալելու Հայաստանում, որտեղ սիրում և ճանաչում են Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա արվեստը:
«Հարգելի՛ պարոն Պենդերեցկի, մաեստրո՛,
Ես վստահ եմ, որ Դուք համոզված եք՝ այստեղ սիրում են Ձեզ և Ձեր արվեստը: Խորհրդանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված՝ Ձեր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը սկսվում է հենց Երևանից: Կարծում եմ, որ մեծ արվեստագետի կոչումներից մեկն էլ ժողովուրդներին մերձեցնելն է, ամրապնդելը նրանց միջև բարեկամությունը, և Դուք դա շատ լավ եք անում»,-ասել է Նախագահ Սարգսյանը և հույս հայտնել, որ մաեստրո Պենդերեցկին այսուհետ ևս նույն եռանդով ու նվիրումով կշարունակի ամրապնդել հայ-լեհական բարեկամությունը՝ հնարավորություն տալով հայ հանդիսատեսին մեծ բավականություն ստանալ մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի ստեղծագործություններից:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անցյալ տարի Հայաստանը և Լեհաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնց շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան՝ առավել սերտացնելով հայ-լեհական միջպետական հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով Նախագահին ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Քշիշտոֆ Պենդերեցկին նշել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ իր երաժշտությունը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում:
«Ես շատ ուրախ եմ, որ իմ հոբելյանին նվիրված փառատոնը մեկնարկել է Հայաստանից: Առաջին անգամ չէ, որ նման հրաշալի փառատոններ են անցկացվում Երևանում: Հայաստանում, իրոք, շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը՝ ինչպես նվագախմբի, դիրիժորի, այնպես էլ անհատ երաժիշտների: Ինձ, տիկնոջս ու մեր ընտանիքի համար մեծ հաճույք և երջանկություն է Հայաստանում գտնվելը: Պետք է ընդգծեմ, որ ես ինքս ինձ քառորդ չափով հայ եմ զգում, քանի որ տատիկս հայկական ծագում ունի»,-ասել է Քշիշտոֆ Պենդերեցկին և շնորհակալություն հայտնել փառատոնի բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև Հայաստանում պետական մակարդակով մշակույթին ցուցաբերվող նման վերաբերմունքի համար:
Հարակից հրապարակումներ`
- Երաժիշտը, որ գրամեքենա պետք է «նվագեր», գրել էր, որ ատում է իմ երաժշտությունը. Քշիշտոֆ Պենդերեցկի
- Կարևոր է, որ նման նվագախումբ գոյություն ունի և զարգանում է. Պենդերեցկի
- Ք.Պենդերեցկի. Արվեստը չի կարող նման հարցերում որևէ բան փոխել
- Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում մասնակցելու է Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին
- Քշիշտոֆ Պենդերեցկին Երևանում պարգևատրվել է ոսկե մեդալով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան