Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար է. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին: Վարչապետը նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարում ունեն բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովները։
Նրա խոսքերով՝ թեև նախկինում ձեռնարկված որոշ միջոցների՝ ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունը անբավարար է։ «Մասնավորապես՝ Հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ և կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման և մոնիթորինգային համակարգը»,- ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ, հստակ անդրադարձ կատարելով՝ փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի և բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման, ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցման, բժշկական և կենսագործունեության փորձաքննությունների տարանջատման, ինչպես նաև գործընթացի թվայնացման և էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին։
«Մենք այս հարցերը քննարկել ենք երկու նախարարների հետ: Այն ուրվագիծը, որ նրանք առաջակում են, պրինցիպիալ որակապես փոխելու է այդ ոլորտը: Այնպես որ, վստահ եմ, որ մեկամյսա ժամկետի մեջ մենք կստանանք նոր խաղի կանոններ այդտեղ»,- նշեց Կարեն Կարապետյանը: