Մանկական քաղցկեղն այսօր ավելի շատ ընդգրկում է 2-5 տարեկան երեխաների. բժիշկ-արյունաբան
ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» մշտական հսկողության տակ է գտնվում շուրջ 1435 երեխա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ-ի արյունաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զաքարյանը:
Նա նշեց, որ այդ թվից 244-ը արյան համակարգի չարորակ հիվանդություններով տառապող երեխաների մշտական հսկողությունն է, որոնցից էլ 188-ը սուր լեյկոզն է:
«Արյունաբանական կենտրոնը բավական առաջատար դիրք է զբաղեցնում ամբողջ տարածաշրջանում այն հնարավորություններով, որոնք միջազգային ստանդարտներին են համապատասխանում»,- ասաց Անահիտ Զաքարյանը:
Ինչ վերաբերում է նախորդ տարիների հետ համեմատած հիվանդության դինամիկային, մասնագետն ասաց. «Դինամիկայում ակնառու աճ չկա, բայց եթե հաշվի առնենք մեր բնակչության իրական թիվը, միգուցե և որոշ տոկոսով բարձրացել է»:
Արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Լուսինե Քրմոյանի խոսքով՝ կենտրոնն ունի արդեն բավականին լուրջ հաջողություններ, և ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս երեխաների շրջանում 70-80 տոկոս լավացություն կա:
Նա նշեց, որ վիճակագրության համաձայն՝ մանկական քաղցկեղն այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում ավելի շատ ընդգրկում է 2-5 տարեկան երեխաների խումբը, որոնց մեջ էլ հիմնականում տղաներ են:
Անդրադառնալով օնկոլոգիայում հոգեբանի ինստիտուտի ներդրմանը, Անահիտ Զաքարյանն ասաց, որ այսօր այդ խնդիրը լուծված կարելի է համարել. «Հոգեբաններ ունենք և մանկական բաժնում, և մեծահասակների համար: Հոգեբանները պատրաստված են հենց չարորակ հիվանդություններ ունեցող հիվանդի ու նրա ընտանիքի հետ աշխատելու համար»: