Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկի աչքի վիրահատությունը հետաձգվել է
Արցախում նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ականի պայթյունից ծանր վիրավորում ստացած Նարեկ Հովեյանի աչքի վիրահատությունը որոշ ժամանակով հետաձգվել է: Պատճառը, ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը՝ Սեդա Ղարիբյանը, այն է, որ տղայի աչքի մեջ դեռ պղտոր արյուն կա, իսկ այդ դեպքում վիրահատությունը հակացուցված է:
«Աչքի մեջ դեռ պղտոր արյուն է հավաքված, որը մինչև չմաքրվի, չեն կարող վիրահատություն անել: Առայժմ դեղորայքային բուժում է ստանում, օրական մի քանի անգամ աչքի մեջ դեղ ենք կաթեցնում»,- նշեց տիկին Սեդան՝ հավելելով, որ Նարեկը ձախ աչքով կարողանում է աղոտ լույս նշմարել, ինչը հարազատներին հույս է տալիս, որ Նարեկի մեկ աչքի տեսողությունը կվերականգնվի։
Ընդհանուր առմամբ, ըստ Սեդա Ղարիբյանի, Նարեկն իրեն վատ չի զգում, տան մեջ արդեն կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել: Ընտանիքի անդամները փորձում են նրան միշտ դուրս տանել, որպեսզի ընկերների, հարազատների հետ շփվի. «Հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ ինքնամփոփ չդառնա: Ինքն իր էությամբ աշխույժ տղա է, բնական է, որ հոգեբանական խնդիրներ կունենա, բայց մենք միշտ իր կողքին ենք և ամեն ինչ անում ենք, որ Նարեկն իրեն լավ զգա»:
Նարեկի մայրը նշեց նաև, որ բացի աչքի վիրահատությունից, տղային սպասվում են այլ վիրահատություններ: Ականի պայթունից զինծառայողը հարված է ստացել ճակատային մասում, պարանոցի հատվածում, գլխին հեմատոմաներ են եղել: Նարեկը լսողության խնդիրներ ունի, հետագայում ականջը ևս պետք է վիրահատեն, քանի որ դեղերով հնարավոր չի լսողությունը վերականգնել:
«Հիմա առաջնահերթ աչքի լույսն է, գոնե այդ աչքը տեսնի: Հավատում եմ, որ այսքան փորձություններից, դժվարություններից հետո Նարեկիս աչքի լույսը կվերականգնվի, իմ աղոթքները տեղ կհասնեն»,- ասաց տիկին Սեդան:
Հարակից հրապարակումներ`
- Ականի պայթյունից վիրավորված Նարեկն առանց հուսահատվելու հավատում է իր ապաքինմանը
- Ականի պայթունի հետևանքով վիրավորված Նարեկ Հովեյանը սկսել է կոնտակտի մեջ մտնել. Հոսպիտալի փոխտնօրեն
- Ականի պայթյունի հետևանքով վիրավորված Նարեկ Հովեյանին տեղափոխել են Երևան
- Արցախում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան