Հրայր Թովմասյանը չի հերքում ՍԴ նախագահ ընտրվելու հնարավորությունը
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը, Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո, պատգամավոր Արայիկ Գրիգորյանի սենյակում ՀՀԿ-ական պատգամավորների հետ նշում էր այդ իրադարձությունը:
Հիշեցնենք, որ նա հրաժարականից հետո զբաղեցնելու է ՍԴ անդամի թափուր պաշտոնը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց նա է դառնալու ՍԴ նախագահ, քանի որ ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները, տարիքային շեմով պայմանավորված, ավարտվում են սույն տարվա մարտ ամսին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Թովմասյանը, կոնյակ չեն խմել, սուրճ են խմել: Հատկանշական է, որ խնջույքին մասնակցել են ՀՀԿ-ական պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Կարեն Ավագյանը, Աշոտ Արսենյանը, Արտակ Սարգսյանը:
Լրագրողների հարցին՝ ի դեմս աղմկահարույց ձայնագրության հերոս Արտակ Սարգսյանի՝ ընտրակեղծարարների հե՞տ է նշում իր նոր պաշտոնը, Հրայր Թովմասյանը նախ ընդգծեց, որ ինքն ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում:
«Դուք մարդկային-ընկերական հարաբերությունները մի շփոթեք, մի խառնեք, այլ երանգներ մի տվեք: Անկախ ամեն ինչից՝ կան մարդկային հարաբերություններ: Ես չեմ կիսում ձեր գնահատականները»,-հավելեց Թովմասյանը:
Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանի 70 տարին լրանում է մարտի 23-ին: Դրանից հետո՝ մեկմասյա ժամկետում էլ, կընտրվի նոր նախագահ:
Հարցին, պատգամավոր գործընկերների հետ իրադարձությունը նշելը և իր հասցեին հնչած ծափերը վկայո՞ւմ են այն մասին, որ արդեն որոշված է՝ ինքն է զբաղեցնելու ՍԴ նախագահի պաշտոնը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Շնորհավորանքներ չեն եղել, ընդամենը սուրճ ենք խմել»:
Նա նաև շեշտեց, որ ընդամենը ՍԴ թափուր հաստիքն է զբաղեցնելու: Հարցին, թե հատկապես ո՞ւմ թափուր պաշտոնն է զբաղեցնելու, Թովմասյանը նախ պատասխանեց, որ ոչ ոքի, ապա հիշեցրեց, որ ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2017-ի հոկտեմբերին, բայց քանի որ նա իր վարույթում գործ է ունեցել, գործի քննությունը ավարտվել է 2018 թվականի հունվարին: Դրանից հետո Բալայանը վայր է դրել իր լիազորությունները:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք իր մուտքով ՍԴ-ն ավելի ընկալելի մարմին կդառնա: Թովմասյանն ի պատասխան նկատեց՝ միշտ չէ, որ պարզությունը նպաստում է ՍԴ-ի որակի բարձրացմանը: Նա միաժամանակ շեշտեց, որ ՍԴ-ն հիմա էլ բավական մեծ հեղինակություն ունեցող մարմին է:
Հարակից հրապարակումներ`
- Բաբլոյանի հայտարարությունը պատգամավորներն ընդունեցին ծափահարություններով
- Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարարվելու դիմում
- Հրայր Թովմասյանին կփոխարինի Գևորգ Կոստանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան