«Բարձրացրեցինք Իսրայելի կողմից Ադրբեջանին հարձակողական զենք մատակարարելու խնդիրը». Գագիկ Մինասյան
ԱԺ հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամների վերջին գործուղումն Իսրայել բավական ծանրաբեռնված է եղել: Չորս օրվա ընթացքում տեղի է ունեցել տասնհինգ հանդիպում՝ դրանցից վեցը՝ Կնեսետում՝ չափազանց բարձր մակարդակով: Խորհրդարանում այսօր այս մասին ասաց խմբի ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ միաժամանակ հավելելով, որ երեք հանդիպում տեղի է ունեցել Իսրայելի կառավարությունում, երեք հանդիպում տեղի ունեցել բիզնես միջավայրի ներկայացուցիչների, ևս երեք հանդիպում՝ հայ համայնքի և Պատրիարքարանի ներկայացուցիչների հետ:
Պատգամավորի խոսքով, հայկական պատվիրակությունը հանդիպել է «Կա ապագա» կուսակցության խմբակցության ղեկավար Լապիդի հետ, ով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ էր ներկայացրել Կնեսեթում: Վերջինս նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն հայ, այլ նաև հրեա ժողովրդի համար: Հանդիպման ժամանակ հայ պատվիրակները հիշեցրել են Հիտլերի՝ հայերի Ցեղասպանության մասին չհիշելու հայտնի խոսքերը և Հոլոքոստը նախաձեռնելը:
Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ այցի ընթացքում քննարկվել է նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը:
«Հայտնի է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանը շատ հաճախ շատ կողմնակալ տեսակետ է հայտնում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Ասում է, որ հարցը պետք է լուծվի տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա: Մենք շատ հստակ հարց էինք բարձրացնում՝ սա առանձին նախարարի՞ տեսակետն է, թե կառավարության տեսակետը: Մեզ ասացին, որ առաջիկայում աշխատանքներ կտարվեն, որ կառավարության տեսակետը հստակ ներկայացվի»,- ասաց պատվիրակության ղեկավարը:
Գագիկ Մինասյանը նշեց, որ հանդիպումների ընթացքում իրենք հույս են հայտնել՝ Իսրայելը, որպես եվրոպական արժեքներ կրող երկիր, խնդրին պետք է մոտենա նույն սկզբունքներով, ինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Բարձրացրեցինք նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին հարձակողական զենք մատակարարելու խնդիրը: Մենք ասացինք, որ մեզ համար անհասկանալի է, որ Իսրայելը զենք է մատակարարում մի տոտալիտար երկրի, որի ղեկավարը իր վերջին հայտարարություններով հավասարվեց նացիստական Գերմանիայի առաջնորդներին: Իրենց պատասխանն այն էր, որ զենքի առևտուր անում են աշխարհի շատ երկրների հետ»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Երուսաղմն իսրայելի մայրաքաղաք հռչակելու հայտնի նախաձեռնությանը, ապա հայկական կողմը շեշտել է, որ հարցը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով՝ հետագա լարվածություն թույլ չտալու համար:
Բարեկամական խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր հերթին նկատեց, որ ինքը իսրայելցի գործընկերների հետ շփումներում ներկայացրել է տուրիզմի և ՏՏ ոլորտները:
«Արդեն իսկ մեկ տարի է՝ Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթ է գործում: Հայաստանը հեշտացրել է Իսրայելի քաղաքացիների մուտքի արտոնագրի ստացման գործընթացը: Մենք բարձրացրեցինք նաև ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրի ազատականացման հարցը, քանի որ մեր հայրենակիցները արտոնագիր ստանալու համար ստիպված մեկնում են Վրաստան: Խոստացան այս ամենը քննարկել, նաև նախանշեցին, որ այս տարի նախատեսում են շուրջ տասը հազար իսրայելցի զբոսաշրջիկի այցելություն դեպի Հայաստան: Հայաստանը արդեն իսկ հետաքրքիր է հրեա ժողովրդի համար՝ հենց թեկուզ ճակատագրերի նմանությունների պատճառով:
Հանդիպում է տեղի ունեցել նաև Իսրայելի նորարական ինստիտուտում և Իսրայելի արտահանման ինստիտուտում, որտեղ ներկայացվել է ՏՏ ոլորտում Հայաստանի հսկայական պոտենցիալը, հաջողված ծրագրերը: Մենք Հայաստանը ներկայացրեցինք որպես դարպաս եվրասիական շուկա՝ արտահանելու իսրայելական ՏՏ արտադրանքը»,- ամփոփեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում