Հումորը լուրջ գործ է. Եվգենի Պետրոսյան
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը, թերևս, ծանոթ է շատերին: Նա էստրադայում է արդեն ավելի քան 50 տարի: ՌԴ նախագահական ընտրություններից առաջ հումորիստը իրեն փորձում է նոր կերպարում՝ նախագահի թեկնածուի՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձի դերում: Ինչու՞ և ինչպե՞ս դա տեղի ունեցավ, իր քաղաքական հայացքների ու երիտասարդ հանդիսատեսների նկատմամբ իր վերաբերմունքի մասին է արտիստը պատմել Lenta.ru-ի հետ զրույցում:
- Ինչպե՞ս եք Դուք հայտնվել Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակում: Չէ՞ որ հումորիստը ամենից առաջնային տարբերակը չէ այդ դերում:
- Դուք ուզում եք ասել, որ հումորը և այնպիսի լուրջ իրադարձությունը, ինչպիսին նախագահի ընտրությունն է, երկու տարբեր, իրարից հեռու հասկացություններ են: Բայց առաջին հերթին՝ հումորը լուրջ գործ է, երկրորդ՝ նախագահի վստահված անձանց շարքում ես միակը չեմ, մի քանի հոգի ևս կան: Բացի այդ, նշված ցուցակում ներկայացված են տարբեր մասնագիտությունների տեր անձինք, և դա ճիշտ է: Վերջապես՝ արտիստը նախ և առաջ պետք է լինի իր երկրի քաղաքացին: Ես այստեղ եկա սեփական նախաձեռնությամբ, ցանկանալով իմ քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել:
- Դուք չե՞ք դիտարկում այլ թեկնածուի օգտին քվեարկելու հնարավորությունը: Ինչու՞ է Ձեզ դուր գալիս հենց Պուտինը: Նրան այլընտրանք կա՞:
- Ցավոք, ես հիմա չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, քանի որ օրենքով քարոզչությունը թույլատրվում է միայն փետրվարի 19-ից սկսած: Ու քանի որ ես էմոցիոնալ մարդ եմ, կարող եմ տարվել և երկար խոսել այս թեմայով:
- Ենթադրենք, այնպես է պատահել, որ ընտրությունների արդյունքներով նախագահ է դարձել այլ թեկնածու: Կարո՞ղ եք երևակայել՝ ինչպիսին կլինի Ռուսաստանն, օրինակ, Սոբչակի կամ Գրուդինինի օրոք:
- Հումորիստական տարբերակները ես կքննարկեմ բեմում:
- Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Եթե ամերիկացի լինեիք, կքվեարկեի՞ք նրա օգտին:
- Բարեբախտաբար, ես նրան չեմ վերաբերվում:
- Ձեր հումորն առավել մոտ է ավագ սերնդի ներկայացուցիչներին: Չե՞ք ցանկանում այն արդիականացնել, թիրախ դարձնել առավել երիտասարդ լսարանը:
- Ես կարծում եմ՝ երիտասարդության առումով Դուք սխալվում եք: Իմ համերգներին հավասարապես կարելի է տեսնել և երիտասարդների, և տարեց մարդկանց: Կարելի է տեսնել ցանկացած մասնագիտության, ազգության, հավատի մարդկանց՝ ամենատարբեր բնակավայրերից: Այս փաստը սոցիոլոգներն են հաստատել: Ինձ հետ շրջեք փողոցով, կտեսնեք, որ տասնյակ երիտասարդներ ցանկանում են ինձ հետ լուսանկարվել: Ինչևէ, այս թեման մեր զրույցի հետ կապ չունի:
-Վերջապես, խոսենք ընտրություններից: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ 6 տարում: Կյանքն ավելի լավը կդառնա՞:
- Մեր երկրի զարգացման դինամիկան վստահորեն դրական է՝ բազմաթիվ չափանիշներով: Այդ պատճառով՝ հույս ունենանք, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: