Ճապոնական դրամաշնորհով կվերականգնվեն ու կպահպանվեն Հայաստանի հնագիտական գտածոները
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Էյջի Թագուչին Ճապոնիայի դեսպանությունում այսօր ստորագրել են ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը։
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ վաթսուն ինը միլիոն յոթ հարյուր հազար ճապոնական յենի դրամաշնորհով (համարժեք է մոտ 315 միլիոն դրամին և մոտ 654 հազար ամերիկյան դոլարին) կլուծվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պեղումների արդյունքում կուտակված հսկայական հնագիտական արժեքների, ճարտարապետական կոթողների՝ լավագույն մեթոդներով վերականգնման խնդիրները, Կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիայի համար ձեռք կբերվեն նորագույն սարքավորումներ: