Մեծ Կասկադ, տաք աղբյուրներ, համեղ ուտելիքներ. որտե՞ղ հանգստանալ Հայաստանում
Կիրովի տեղեկատվական Newsler.ru հարթակը հոդված է հրապարակել «Որտե՞ղ կարելի է հանգստանալ Հայաստանում. Մեծ Կասկադ, տաք աղբյուրներ և հարսանեկան կերակրատեսակներ» վերտառությամբ: Նյութի հեղինակը՝ Ելենա Գնատիկը, շրջել է Երևանի Կասկադում, սուզվել Արզաքան գյուղի տաք աղբյուրների մեջ, ինչպես նաև փորձել հայկական ամենահայտնի կերակրատեսակներից մեկը՝ խաշը:
«Մեծ կասկադը կանոնավոր համակարգված և գեղարվեստորեն ձևավորված աստիճաններ են, արձաններ, աղբյուրներ, ծաղիկներ, որոնք, ամբողջանալով, դառնում են քաղաքը զարդարող ճարտարապետական մոնումենտալ շինություն: Կասկադն այնքան մեծ է, որ մենք այն ամբողջապես չկարողացանք անցնել: Չնայած նրանում կարելի է տեղաշարժվել շարժասանդուղքներով: Կասկադում հինգ շարժասանդուղք կա, կան նաև արագընթաց վերելակներ, որոնց շնորհիվ կարելի է հայտնվել փոքրիկ թանգարանում, բայց մենք որոշեցինք ոտքով տեղաշարժվել՝ իջնելով թվով 572 աստիճաններով»,- ասում է հեղինակը:
Կասկադում զբոսնելուց հետո Գնատիկը այցելել է ռեստորան՝ փորձելու համար ազգային կերակրատեսակներից մեկը՝ խաշը: Նա նշում է, որ ցանկացած մարդ, ով մեկ անգամ գալիս է Հայաստան, պարտավոր է խաշ փորձել:
«Հայաստանից իմ բարեկամները պատմել են, որ այստեղ խաշ են տալիս հարսանիքի հաջորդ օրը, որպեսզի հյուրերը դեռ երկար ժամանակ քաղցի զգացողություն չունենան: Այս կերակուրը շատ հագեցնող է, այն կարելի է համեմատել ռուսական «խոլոդեց»-ի հետ, միայն թե խաշը տաք ուտելիք է»,- ասում է նա:
Հեղինակը պատմում է, որ իրենց մատուցել են տավարի ոտքով մսային արգանակ, նաև բերել են լավաշ, որը պետք է լցնել անմիջապես ափսեի մեջ: «Արդյունքում ստացվում է ինչ-որ շիլա, սակայն համն անկրկնելի է: Խաշը համեղ է և հագեցնող, խաշի հետ նաև մատուցում են տարբեր թթուներ և կանաչիներ: Այսպիսի ուտելիքից հետո երկար ժամանակ չես ցանկանում հաց ուտել»,- ասում է նա:
Կասկադից հետո նյութի հեղինակը որոշել է լողանալ տաք աղբյուրներում: Հայաստանում այդպիսիք շատ են: Միայն Ջերմուկում, օրինակ, 40 բուժող աղբյուր կա, որոնց ջերմաստիճանը հասնում է մինչև +55-ի: Գնատիկը, սակայն, այցելել է Արզական, որը ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա է: