ՄԻՊ. Այս փոփոխությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել Պաշտպանի աշխատանքը
Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա Պաշտպանի մասնակցությունը որևէ կապ չունի նրա աշխատանքի խոչընդոտման կամ անկախության հարցի հետ։ Նման մեկնաբանություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը՝ անդրադառնալով ԱՆ կողմից շրջանառության դրված նախագծին։
«Վարչապետի հրավերի հիման վրա Կառավարության նիստերին մասնակցելու հարցը որևէ կերպ չի նվազեցնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությամբ ամրագրվում է Կառավարության նիստերին մասնակցության հատուկ կարգավորում։
Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Կառավարության նիստերին մասնակցելը միայն Կառավարության անդամների պարտականությունն է, իսկ մշտական հիմունքներով այդ նիստերին մասնակցելու իրավունքը պատկանում է այն մարմինների ղեկավարներին, որոնք ենթակա են Կառավարությանը և վարչապետին, ինչպես նաև Նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերի ղեկավարներին:
Վարչապետի հրավերով Կառավարության նիստերին մասնակցության կառուցակարգը վերաբերում է գործադիր իշխանությունից անկախ բոլոր մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս փոփոխությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել Պաշտպանի աշխատանքը: Սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական օրենքի մակարդակով այս հաստատությանը վերապահվել է լիազորությունների առավել մեծ շրջանակ, իսկ անկախության ու գործունեության երաշխիքներն էլ ավելի են ամրապնդվել: Կոնկրետ դեպքում, մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կառավարության որոշումների նախագծերի ընդունումը Պաշտպանն ունի դրանց վերաբերյալ գրավոր կարծիք ներկայացնելու իրավասություն:
Դրանից բացի, Սահմանադրությամբ ընդլայնվել է այն ակտերի շրջանակը, որոնք վիճարկելու համար Պաշտպանը կարող է դիմել Սահմանադրական դատարան (Կառավարության և վարչապետի որոշումներ, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և այլն): Մարդու իրավունքների պաշտպանի իրավասու ներկայացուցիչները մշտապես մասնակցում են Կառավարության նիստերից առաջ տեղի ունեցող կոմիտեների համապատասխան քննարկումներին, ներկայացնում Պաշտպանի դիրքորոշումն առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված որոշումների ու օրենքների նախագծերի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես խորհրդարանական հաստատություն, սահմանադրական նոր լուծումների պայմաններում ունի մշտական ներկայացուցիչներ Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում:
Հետևաբար, գործող կարգավորումների պայմաններում Կառավարության նիստերին Պաշտպանի կամ նրա իրավասու ներկայացուցչի մասնակցությունը կրում է ֆորմալ բնույթ, իսկ առանձին դեպքերում ստեղծում է Կառավարության գործունեության հետ նրա առնչության վերաբերյալ սխալ տպավորություն»,-ասված է ՄԻՊ մեկնաբանության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան