ՀՀ նախագահի ելույթը ցույց տվեց մեր դիրքորոշումներում հետևողականությունը. քաղաքագետ
Մյունխենի անվտանգության համաժողովը վերջին շրջանում հանդիսանում է այն հարթակներից մեկը, որտեղ տարբեր երկրների քաղաքական ղեկավարությունները ներկայացնում են սեփական պատկերացումներն իրենց երկրների անվտանգային քաղաքականության վերաբերյալ: Համաժողովը ներկայանում է որպես հարթակ, ուր ոչ միայն հանդիպումներ են տեղի ունենում, այլ նաև ելույթների շնորհիվ կարելի է ներկայացնել վերլուծություն այն գերակա ուղղությունների վերաբերյալ, որ ունեն այս կամ այն պետություններն իրենց արտաքին քաղաքական օրակարգում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթին:
Քաղաքագետի խոսքով, ՀՀ նախագահի երեկվա ելույթը հստակ ցույց տվեց, որ մեր երկիրը հաջողությամբ կարող է համագործակցել ինչպես եվրոպական, այնպես էլ եվրասիական ուղղությունների հետ:
«Համաժողովում ՀՀ առաջնորդի ելույթը կարելի է դիտարկել տվյալ պրիզմայում: Մենք տեսանք համապատախան հետևողականություն այն դիրքորոշումներում, որոնք ներկայացված են մեր երկրի արտաքին գերակա ուղղությունների մեջ: Դրանցից մեկը Հայաստանի մասնակցությունն է ինտեգրացիոն տարբեր նախագծերին և պատրաստակամությունը՝ համագործակցություն իրականացնել տարբեր բևեռների հետ:
Այս տեսակի համագործակցությունները փոխշահավետ է ոչ միայն անմիջական մասնակիցների, այլ նաև երրորդ կողմի համար: Հայաստանը ցույց է տալիս, որ նույնսիկ այն պարագայում, երբ տարբեր բևեռների միջև առկա է որոշակի առճակատում, ինքն ի վիճակի է քաղաքականություն իրականացնել ՝ հաշվի առնելով սեփական շահերը և արտաքին դերակատարների հետաքրքրությունները»,- նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթի՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հատվածին՝ Ալեքսանդր Մարկարովն ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին բանակցային գործընթացն անհնար է հասցնել իր տրամաբանական խաղաղ ավարտին:
«Խոսքը գնում է այն մասին, որ անհրաժեշտ է վերադառնալ իրականություն և բանակցային սեղանի շուրջ հասնել նրան, ինչին ձգտում են կողմերը՝ խաղաղության, որը լինելու է երկարատև և նպաստելու է տարածաշրջանային զարգացմանը»,- նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է իր ելույթում հայ-թուրքական արձանագրություններին Սերժ Սարգսյանի կատարած անդրադարձին, Մարկարովի համոզմամբ, հատկանշական էր հատկապես կատարված համեմատությունը՝ Բեռլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը:
«Ըստ էության՝ Թուրքիան այսօր հիշեցնում է Սառը պատերազմի վատ օրինակները, երբ աշխարհը բաժանվում էր երկու մասերի: Թուրքիայի դիրքորոշումը տվյալ պարագայում չի բխում անվտանգային դրույթներից, այլ ընդամենը պայմանավորված է իր իսկ կողմից խեղաթյուրված պատմական պատկերացումներով և Ադրբեջանի հետ ունեցած փոխհարաբերություններով: Հայաստանն իր հերթին չի պատրաստվում հետևել այն փաստաթղթին, որը նախաստորագրված է Շվեյցարիայում: Եթե հայ-թուրքական հարաբերությունների նոր էջ է լինելու, ապա արդեն լինելու է այլ փաստաթղթի հիման վրա: Հայաստանը երբեք չի ընդունել վերջնագրերի և նախապայմանների մոտեցումը»,- ամփոփեց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է
- Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը. Սերժ Սարգսյան
- Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին