«Տանը երևի ձեզ մի շուն չէին վստահի պահել, իսկ այժմ դուք սահման եք պահում»
Անմիջական, հուզիչ, ոգևորիչ ու դաստիարակչական. այսպիսին էր Ապրիլյան պատերազմի հերոսներ Հարություն Բադալյանի, Շուլի Հակոբյանի, Ռաֆայել Կրպեյանի ու Երևանի թիվ 78 դպրոցի աշակերտների հանդիպումը: Փետրվարի 16-ին Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց տղաները հրավիրվել էին ներկա լինելու աշակերտների կողմից ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված միջոցառմանը:
Աշակերտների բեմական ներկայացումից հետո հերոս տղաները պատմեցին իրենց մասին, պատասխանեցին աշակերտների ամենատարբեր հարցերին:
«Դժվար մենք այս երեխաների հետ փորձի փոխանակում անենք, սակայն տեսնելով, որ 11-12 տարեկան աշակերտներն արդեն իսկ այդքան խորությամբ տեղեկացված են ազգային հերոսների պատմությունից, պատերազմի ժամանակ իրականացված օպերացիաներից, նշանակում է, որ նրանք արդեն ազգի հայրենասեր զավակներ են մեծանում: Օդից ու ջրից հայրենասեր չեն լինում, հայրենասեր լինում են անկախ տարիքից ու անկախ սեռից: Մեր հրամանատարներից մեկն ասում էր՝ տանը երևի ձեզ մի շուն չէին վստահի պահել, իսկ այժմ դուք սահման եք պահում, կյանքն այդպիսի բան է, երեխեք ջան»,- ասաց Շուլի Հակոբյանը, ով այժմ սովորում է Պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում ու միաժամանակ աշխատում է պաշտպանության նախարարությունում:
«Ծառայությունը կյանքում շատ բան է փոխում, ավելի հասուն, ավելի խելացի դառնալու հարցում, բայց ամենակարևորն է, որ դու ցանկանաս բանակից ինչ-որ բան ստանալ ապագայի համար»,-ասաց Հարություն Բադալյանը, ով ներկայումս սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում:
Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում կռված ու թշնամու տանկերը խոցած Ռաֆայել Կրպեյանի խոսքերով, իրենք նույնպես փոքր ժամանակ ոգեշնչվել են մեր հերոսներով, նրանց պատմությունով: Ռաֆայել Կրպեյանի վրա մեծ ազդեցություն է ունեցել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, ում եղբոր որդին է նա: Ռաֆայելը ներկայումս սովորում է Կուլտուրայի և սպորտի ինստիտուտում:
Հարցին, թե ինչ էին մտածում պատերազմի ժամանակ գործելուց առաջ, տղաները նշեցին, որ այդ պահին դու մտածելու ժամանակ չունես, ուղղակի պետք է գործել, ետ ճանապարհ չկա: Տղաները նշեցին, որ վախը բոլորի մոտ էլ լինում է, սակայն չպետք է թույլ տալ, որ վախը քեզ հաղթի ու ուղղակի չպետք է վախենաս մահանալուց:
«Գործողությունների ժամանակ մտքերը խանգարում են: Մարտական գործողության ելքը վայրկյաններն են որոշում: Այդ պահին միակ միտքը պետք է լինի այն, որ ինչ էլ կատարվի դու դրանից դուրս ես գալու»,-ասաց Շուլին:
Իսկ թե ինչն էր ուժ տալիս նրանց պատերազմական գործողության ժամանակ առաջ շարժվելու համար հարցին՝ Հարություն Բադալյանն ասաց. «Դա միանգամից չի լինում, այն հայրենասիրական դաստիարակության արդյունք է նաև, որը ստանում ես վաղ տարիքից: Դու գիտես քո պատմությունը, գիտես, թե որքան արյուն է թափվել այդ հողի համար ու թե ինչու պետք է պաշտպանես քո հողը»:
Շուլի Հակոբյանն էլ շարունակելով նշեց, որ մեր զինվորը հակառակորդ երկրի զինվորից տարբերվում է նրանով, որ գիտակից է ու գիտի, թե ինչի համար է կռվում:
«Ճիշտ է, առիթ չի եղել, որ թուրքին կանգնեցնենք ու հարցնենք, թե դու ինչի ես կռվում, բայց նրանց գործողություններից երևում է, որ չգիտեն ինչի համար են կռվում: Եթե մեկն իր հայրենիքի համար պետք է փողով կռվի, ամեն ինչ պարզ է: Այդ պահին գիտակցությանը միանում է նաև վրեժխնդրությունը ու հասկանում ես, որ այդ հողերի համար մենք շատ թանկ ենք վճարել»,-ասաց Շուլի Հակոբյանը:
Աշակերտները քննարկեցին նաև պատերազմական գործողությունների մարտավարության հետ կապված հարցեր ու ստացան իրենց հետաքրքիր բոլոր հարցերի պատասխանները: Վերջում տղաներին նվիրեցին աշակերտների կողմից Ապրիլյան պատերազմի հերոսների մասին գրված շարադրություններից կազմված գրքույկները: