Թուրքիան չի կարող Սիրիայի դեմ պատերազմ սկսելու ինքնուրույն որոշում ընդունել. թուրքագետ
Սիրիայի նկատմամբ ռազմական սպառնալիքները Թուրքիայում կարծես ավանդույթի ուժ ունեն, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանային բարդ խճանկարում վերջինս չի կարող պատերազմ սկսելու ինքնուրույն որոշում ընդունել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիային սպառնացել է պատերազմով։
«Թուրքիան դե ֆակտո արդեն պատերազմ է մղում Սիրիայի դեմ, քանի որ թուրքական զորքերը տարբեր անվանումներով օպրացիաների շրջանակներում խախտել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը և հարևան պետության տարածքում պատերազմական գործողութուններ են իրականացնում։ Ինչ վերաբերում է Չավուշօղլուի հայտարարությանը, ապա ներկայիս Թուրքիայի վարչակարգից կարելի է սպասել էքսցենտրիկ և դիվանագիտական էթիկայից հեռու հայտարարություններ։ Սիրիային պատերազմական գործողություններով սպառնալը կարող է քարոզչական հնարք լինել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ 90-ականներին ևս Թուրքիան Սիրիային պատերազմով էր սպառնում։
Ռուբեն Մելքոնյանի խոսքով, Սիրիայի հետ պատերազմն ուղղակիորեն վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, քանի որ Սիրիայում տեղակայված են ռուսական ռազմաբազաներ, և այդ երկիրը որոշակի համագործակցություն ունի Սիրիայի հետ։
«Կարծում եմ, որ Սիրիայի դեմ պատերազմը կամ կլինի Թուրքիայի կողմից չհաշվարկված քայլ կամ հերթական ագրեսիվ հռետորաբանության դրսևորում։ Եթե Թուրքիան պաշտոնապես պատերազմ հայտարարի Թուրքիային, ապա դա կհանգեցնի աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների՝ ավելի խոշոր խաղացողների ներգրավմամբ։
Եթե նույնիսկ սիրիական իշխանություններն օգնել են քրդերին, ապա դա լիովին տեղավորվում է տրամաբանության, անգամ՝ օրինականության շրջանակներում, քանի որ քրդերը հարձակման ենթարկվում են այն երկրի տարածքում, որը միջազգայնորեն անվանվում է Սիրիա։ Դրա համար էլ Սիրիան ունի ռազմաքաղաքական բոլոր հիմքերը՝ ընդդեմ ագրեսորի որոշակի քայլեր անելու»,- ամփոփեց թուրքագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան