Հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ չի թույլատրվելու իրականացնել այլ նպատակներ հետապնդող ծրագիր. նախարար
«2017 թվականին 4 հատուկ դպրոց վերակազմավորվել են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա»,- այս մասին այսօր 2017-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ օրենսդրության համաձայն մինչև 2022 թվականը պետք է անցում կատարվի համատարած ներառական կրթության:
Նա նշեց, որ ներկայումս ներառական կրթությունն իրականացվում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, իսկ 2018-ին սպասվում է, որ համակարգը կներդրվի նաև Արմավիրի մարզում։
Ներառական կրթության ոլորտում նախարարն առանձնացրեց դպրոցներում ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը. «8300 հատուկ կարիքներով երեխաների կրթության կազմակերպմանն աջակցելու նպատակով ուսուցչի 520 օգնական է աշխատանքի անցել»։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին՝ Լևոն Մկրտչյանը մեկ խնդիր նշեց. «Քանի որ ըստ աշակերտի ֆինանսավորումը մեծանում է, չի թույլատրվելու հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացնել բոլորովին այլ նպատակներ հետապնդող ծրագիր։ Հաճախ հատուկ կրթության հաստատություններում նկատվում են կեղծ ամրագրումներ կամ հաշմանդամություն չունեցող այլ հատվածի երեխաների ներգրավում: Սրա հետ կապված Երևանում համալիր ուսումնասիրություն է կատարվում հատուկ կրթության հաստատությունների վիճակի մասին»:
ԿԳՆ 2017 թվականի հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ-ում քննարկվել են համընդհանուր ներառականության անցման հետ կապված հարցերը
- Հայաստանը տարածաշրջանում առաջատար է համընդհանուր ներառականության ներդրման առումով. Տանյա Ռադոչայ
- «Հանրակրթության մասին» օրենքում ուսուցչի օգնականի հաստիքի ներդրման պահանջ է դրված. «Իրավունք»
- Լևոն Մկրտչյան. Ներառականության դռները պետք է ավելի լայն բացել