Մարտի 1-ից հակաբիոտիկները կվաճառվեն միայն դեղատոմսով
Մարտի 1-ից մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության դեպքում: Այդ օրն ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այս պահանջը նոր չէ. այն եղել է նաև նախկինում ու երբեք չի հանվել:
«Մեր ամբողջ պատմության ընթացքում Առողջապահության նախարարության համապատասխան կառույցները երբեք չեն դադարեցրել դեղերի գրանցման ժամանակ դեղերը որակել դեղատոմսով դուրս գրվող կամ ոչ, այլ խնդիր է, որ այս պահանջը կատարվել է ոչ լիարժեք, որոշակի դեպքերում անգամ դա կատարվել է մեր կայացրած որոշումների խախտումով: Հիմա նոր կարգ ենք մշակել, դրանով այս պահանջը նորից թարմացվում է, ընդ որում՝ հիմա նաև վերահսկման մեխանիզմներ են սահմանված»,- ասաց նա:
Խաչատրյանն ընդգծեց՝ դեղատոմսերը մի գործիք են, որ հարաբերությունների մեջ են մտնում երեք կողմերի՝ բժշկական անձնակազմի-դեղատների-պացիենտների հետ, և այդ երեք մասնակիցներին ուղերձը պիտի լինի տարբեր: Նրա խոսքով՝ բժիշկի համար դեղատոմսի դուրսգրումը հստակ ապահովումն է այն բանի, որ նա կօգտագործի տվյալ հիվանդության համար ճիշտ դեղ, ճիշտ սխեմայով, ճիշտ օգտագործի, դա ապահովում է դեղատնից ճիշտ դոզայով բացթողումը և հիվանդի կողմից ճիշտ օգտագործումը: Դեղատոմսով դուրս գրելու պրոցեսն, ըստ փոխնախարարի, դեղատների համար նույնպես շահեկան է, այժմ պացիենտին դեղի նշանակման պատասխանատվություն չկա:
«Շատերը գալիս են դեղատուն, դեղատան աշխատակիցը, որ համապատասխան կրթություն չունի, դեղ է առաջարկում, այսինքն՝ վաճառում: Ցանկացած դեղ, որ դեղատոմսով բաց թողնվողների ցուցակում է, բացառապես դեղատոմսով պետք է տրվի»,- ասաց նա:
Մյուս կարևոր խումբը պացիենտներն են: Ըստ Խաչատրյանի՝ յուրաքանչյուր պացիենտի համար դեղատոմսը առաջին հերթին երաշխիք է, որ իրեն նշանակված է ճիշտ դեղ, ճիշտ դոզայով և օգտագործման պարբերականությամբ, որը նախատեսված է հենց իր հիվանդության համար:
Փոխնախարարը նշեց, որ այս կարգի արդյունքում կարող են ավելանալ հոսքերը բուժհաստատություններ, դիմեն քրոնիկ հիվանդները, որ նախկինում չեն դիմել բժիշկի: Պացիենտը, սակայն, գնում է պոլիկլինիկա ոչ թե դեղատոմս, այլ բուժում ստանալու:
Քրոնիկ հիվանդների համար, ինչպես նաև առանձին հաբերով ձեռք բերվող դեղերի համար կա որոշում, որով հաբերը կարող են ձեռք բերվել դեղատներից՝ առանձին քանակներով: Դրանք փաթեթով են տրվում, փաթեթի վրա գրվում է բաց թողնողի, ստացողի անուն-ազգանունը, ժամկետը:
Նաև հաստատված է դեղատոմսի մի ձև, որը բազմակի օգտագործման համար է՝ ինչպես քրոնիկ հիվանդի, այնպես էլ հաբով ձեռք բերողի համար, կան կտրոններ, որոնց մի մասը մնում է դեղատանը, պացիենտի շարժունակությունը ևս չի սահմանափակվում, նա կարող է ամեն անգամ տարբեր դեղատներից դեղ ձեռք բերել: Բազմակի օգտագործման համար նախատեսված դեղատոմսերն ուժի մեջ են վեց ամիս:
Մարտի 1-ից դեղատոմսի պահանջ ներկայացվում է միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ: Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման ենթակա է 2700-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան