Հայաստանում զգալի աճել է բանջարեղենի, մրգի և ձկան պահածոների արտադրությունը
Հայաստանում վերամշակող ընկերությունները 2017 թվականին զգալի ավելացրել են պահածոների արտադրությունը:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 19 հազար 132 տոննա պահածո, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 31.6 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 9 հազար 513.4 տոննա բանջարեղենի պահածո` 2016 թ-ին գրանցված 5 820.1 տոննայի դիմաց (63.5%-ի աճ):
Միաժամանակ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` նախորդ տարի արտադրված պահածոներից 5 հազար 470.7 տոննան կազմել են մրգի պահածոները՝ 2016թ-ի համեմատ աճելով 29.7 տոկոսով, 299.7 տոննան՝ ձկան (աճը` 29.7%), 16.5 տոննան՝ խեցգետնի (անկումը՝ 84.5%), 709.4 տոննան՝ մսաբուսական (նվազում՝ 39.8%), 400.7 տոննան՝ մսի (անկումը՝ 28.9%) պահածոները:
2017 թվականին հանրապետությունում արտադրվել է նաև 2 հազար 721.6 տոննա տոմատի պահածո, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 12.2%-ով:
Ինչ վերաբերում է կետչուպի արտադրությանը, ապա հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 601.4 տոննա կետչուպ` 2016 թ-ին գրանցված 473.7տոննայի դիմաց. աճը կազմել է 27%։
Նշենք նաև, որ նախորդ տարի հանրապետությունում 35.7%-ով աճել է պահածոյացված ձիթապտղի արտադրությունը. եթե 2016 թ-ին Հայաստանում արտադրվել է 576.2 պահածոյացված ձիթապտուղ, ապա 2017-ին՝ 782.1 տոննա։