Վարդան Գևորգյան. Հանրապետությունում կգործարկվի էլեկտրոնային դեղատոմսի գաղափարը
Էլեկտրոնային առողջապահական համակարգը մեկ միասնական տեղեկատվական հարթակ է, որի օգտատերերը բուժհաստատություններն են, քաղաքացիները, առողջապահական ոլորտում գործող պետական մարմինները: Դրանց նպատակն է թվայանացնել քաղաքացիների անկետաները, որպեսզի նրանց ազատի ավելորդ թղթաբանությունից: Դրա արդյունքում Հայաստանի բոլոր քաղաքացիները կունենան էլեկտրոնային անկետաներ, բժիշկները հիվանդի համար կգրեն էլեկտրոնային դեղատոմսեր՝ քաղաքացիներին ազատելով թղթապանակն այս կամ այն բժշկի մոտ տանելու գլխացավանքից:
«Ներդրման ավարտից հետո մենք կունենանք համակարգ, որտեղ մեկ տեղում հավաքված կլինեն քաղաքացիների բժշկական թղթերի էլեկտրոնային տարբերակները, բժիշկներին հասանելի կլինի հիվանդի առողջության վերաբերյալ ողջ պատմությունը»,-լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի ղեկավար Վարդան Գևորգյանը:
Համակարգի ներդրման աշխատանքները մեկնարկել են 2017-ից, սկզբում պետպատվերի շրջանակում բուժվող հիվանդների պատմություններն են թվայանացվել: Մինչ այդ բուժհաստատությունների 480 աշխատակիցներ վերապատրաստվել են: Թվայնացվող հաջորդ խումբը ապահովագրություն ունեցող, սոցփաթեթի շահառու քաղաքացիներն են: 2017-ի հոկտեմբերի 1-ից հետո բուժհաստատություն այցելած, հետազոտություն անցած քաղաքացիները կարող են համակարգի միջոցով տեսնել, թե օրինակ իրենց համար ինչքան գումար է փոխանցել ապահովագրական ընկերությունը:
«Համակարգի ներդրման շրջանակում գործարկվել է Armed կայքը, որտեղ առկա են նաև պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցող 480 բուժհաստատություններն ու այնտեղ աշխատող բժիշկները: Համակարգ մուտք գործելու համար առաջին անգամ պետք կլինի ID քարտ՝ անվտանգության նկատառումներով»,-ասաց Վ. Գևորգյանը:
2018-ին նախատեսում են համակարգի ներդրումը ողջ հանրապետությունում, դրանում ներառված կլինեն լիցենզավորված բոլոր բուժհաստատություններն ու դեղատները:
«Կգործարկվի նաև էլեկտրոնային դեղատոմսի գաղափարը, որը թույլ կտա առավել հարմար ու արդյունավետ իրագործել դեղերի ձեռքբերումը: Դեղատների համար էլ հասանելի կլինի բժշկի կողմից գրված դեղատոմսը»,-ասաց նա:
Ամբողջական ներդրման պարագայում համակարգում ընդգրկված կլինեն բոլոր դեղատները:
Մանրամասները՝ տեսանյութում: