Արցախի արտգործնախարար. 2018 թ․ բանակցային գործընթացում նմանատիպ դինամիկա ակնկալելը չափազանց լավատեսական կլիներ
2018 թ․ մեր սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնման հետ: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ պատասխանելով հարցին, թե 2018-ին ինչպիսի սպասելիքներ կան բանակցային գործընթացից:
Նա ընդգծել է, որ 2016 թ․ ապրիլյան պատերազմն ակնառու կերպով ցուցադրել է, որ տվյալ փուլում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը։
«Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական, արդյունքին միտված քննարկումը։
Համոզված ենք, որ շփման գծում կայունությունը և անվտանգությունը բազմապատկիչ ազդեցություն կունենան կարգավորման ողջ գործընթացի վրա։ Մասնավորապես, դրանց շնորհիվ կհաջողվի խուսափել մարդկային զոհերից, և այդ կերպ կվերանա հակամարտող կողմերի հասարակությունների միջև լարված հարաբերությունների պահպանման հիմնական աղբյուրը։ Դա, իր հերթին, բարենպաստ պայմաններ կստեղծի կողմերի միջև վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Այդ քայլերի ամբողջությունը բանակցային գործընթացի առաջմղման համար կապահովի ավելի կառուցողական մթնոլորտ»,-մանրամասնել է ԱԳ նախարարը:
Նա նշել է, որ 2018 թ․ բանակցային գործընթացում նմանատիպ դինամիկա ակնկալելը չափազանց լավատեսական կլիներ։
«Միևնույն ժամանակ, բավականին իրատեսական ենք համարում ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնումը, իհարկե, ադրբեջանական կողմի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում»,-ասել է նա:
Նախարարի ասուլիսի սղագրությունը՝ Արցախի ԱԳՆ պաշտոնական էջում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են