Ծնողները ևս մեղավոր են, ինչ ասես լցնում են երեխաների պայուսակների մեջ. Լևոն Մկրտչյան
«Արդեն 40 տարի դպրոցական դասագրքերի ծանրության պրոբլեմը հանրակրթական համակարգի համար առաջին խնդիրն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նշելով, որ ամեն տարի այս խնդրի հետ կապված Առողջապահության նախարարը հրաման է տալիս՝ խորհրդային շրջանից սկսած:
«Յուրաքանչյուր տարի առողջապահության նախարարը հրաման է տալիս մեզ հետ համատեղ, որտեղ ասվում է, թե ինչ չափանիշներ պետք է պահել: Որ պահին որ ծանոթանում ենք այդ հրամանի հետ, դա չի նշանակում, որ խնդիրն այդ պահին սկսվեց»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ հարուստ երկրները այս խնդիրը փորձում են լուծել երկու բազա ստեղծելով՝ մեկ դասագիրքը տանը, մեկը՝ դպրոցում. «Մյուս ճանապարհը գրքերը մանրացնելն է՝ ըստ թեմաների, այսինքն այդ պահին պետք է դասագրքի երեք էջը, սա նույնպես եռակի ծախս է առաջացնում դասագրքերի հրատարակության համար: Մյուս տարբերակը էլեկտրոնային կրթությունն է, երբ որ երեխաները PDF-ով կարողանան ունենալ դասագրքերը՝ պլանշետային ուսուցման անցնելու համար, սակայն ովքեր էլ անցել են պլանշետային ուսուցման՝ բացարձակ մեծ դժգոհություն է սկսվում տեսողության խնդիրների հետ կապված»:
Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդիրն առկա է և պետք է փորձեն անպայման լուծում տալ:
«Ծնողները ևս մեղավոր են, ինչ ասես լցնում են երեխաների պայուսակների մեջ: Ծավալ է տալիս նաև ուսուցիչների կողմից ուզած լրացուցիչ խնդրագրքերը»,- հավելեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Արման Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց առողջապահության ու կրթության նախարարներին
- 6-րդ դասարանի աշակերտի պայուսակը կշռում է այնքան, որքան АКС 74 ինքնաձիգը. Արման Սաղաթելյան