Նարեկ Գասպարյան. Հերոսի ծնունդն առանց հերոսի
Ապրիլյան պատերազմի հերոս, 2017 թվականի հունիսի 17-ին հակառակորդի գնդակից զոհված Նարեկ Գասպարյանն այսօր կդառնար 21 տարեկան:
Նարեկը հաղթեց պատերազմում, բայց թշնամու դավադիր գնդակը խոցեց նրան, կիսատ թողնելով նրա երազանքերն ու նպատակները:
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում կազմակերպվել էր երթ՝ նվիրված զինվորի հիշատակին: 15 մետր երկարությամբ եռագույնը ձեռքներին՝ երթի մասնակիցները շարժվեցին դեպի Նորք Մարաշի գերեզմանատուն, որտեղ հարազատները, ընկերները ծաղիկներ դրեցին նրա շիրմին:
«Ծնունդ շնորհավոր, Նարեկ: Դու միշտ մեզ հետ ես և մենք քեզ երբեք բացակա չենք դնելու: Տա աստված, որ դու վերջին զինվորը լինես, որի ծնունդն այսպես ենք շնորհավորում»,- ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Հարազատները պատմում են, որ Նարեկը մեծ նվիրվածությամբ էր ծառայում, ապրիլյան պատերազմին աչքի է ընկել իր քաջությամբ, որի արդյունքում նաև պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից:
Եղբոր՝ Նվեր Գասպարյանի խոսքերով՝ իրենք այդպես էլ չիմացան, թե ինչ էր արել Նարեկը, որի համար արժանացել էր խրախուսանքի:
«Նարեկը երբեք ծառայությունից ոչինչ չէր պատմում, սահմանի լարվածության մասին նույնպես չէր խոսում: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ ասում էր՝ մի մտածեք, մեր մոտ հանգիստ է, ոչինչ չկա, հետո ենք իմացել, որ նա եղել է ամենավտանգավոր դիրքերից մեկում, և պատահական չէ, որ ծառայության ընթացքում մի քանի խրախուսական արձակուրդներ է ստացել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նվերը:
Նարեկի ծառայությանը մնացել էր ընդամենը 26 օր. «Անհամբեր սպասում էինք նրա վերադարձին, օրերն էինք հաշվում, տուն էինք վերանորոգում, որ Նարեկին պատվով դիմավորեինք»։
Նարեկ Գասպարյանը սովորել է «Օլիմպոս» կրթահամալիրում, զուգահեռ՝ երաժշտական դպրոցում:
«Դհոլ էր նվագում: Ընկերները պատմում են, որ պոստում հաճախ էր համազգեստի վրա դհոլ նվագում: Մեծ երազանքներ ուներ եղբայրս, որոշել էր ծառայությունից հետո ուսումը շարունակեր, բայց…»,- ասում է Նարեկի մեծ եղբայրը:
Նշենք, որ այսօր նաև տեղի ունեցավ «Անմահ Նարեկ» երգի տեսահոլովակի պրեմիերան:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 16-ին, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հունիսի 17-ի առավոտյան ևս ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել էր հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանում զոհված տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է
- Լուսավոր ու բարի ժպիտով Ադամ Սահակյանի ծննդյան օրն է
- Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան