Հրաձիգ Հայկ Բաբայանը պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Հունգարիայի Գյոր քաղաքում երեկ մեկնարկել է հրաձգության Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնությունը: Հայկ Բաբայանը պատանիների 10 մ օդամղիչ հրացան վարժության եզրափակչում (181.1) զբաղեցրեց 5-րդ տեղը՝ նվաճելով 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Նույն վարժությունում Վրեժ Թորոսյանը եզրափակչում (140.4) զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Նարեկ Ադամյանը որակավորման փուլում 609,7 միավորով 22-րդն էր:
10 մ օդամղիչ հրացան վարժության աղջիկների մրցաշարում Ալլա Պողոսյանը որակավորման փուլում 414,9 միավորով 9-րդ տեղում էր։ Պողոսյանին չի հաջողվել անցնել եզրափակիչ:
10 մ օդամղիչ ատրճանակ վարժությունում Բենիկ Խլղաթյանը, որակավորման փուլում խոցելով 561 միավոր, զբաղեցրեց 15-րդ տեղը: Հայաստանի պատանիների հավաքականը կմասնակցի նաև երիտասարդների առաջնությանը: