Նախագահը հաստատեց, որ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ-ի համար այլևս արժեք չունեն. ՀՅԴ գործիչ
Արտաքին աշխարհում տեղի են ունենում զարգացումներ, որոնց վրա միշտ չէ, որ Հայաստանը հակակշիռ ունի, սակայն պետք է ուշադրությամբ հետևենք դրանց: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Խոսքը նախ Սիրիայի մասին է: Սիրիայում ոչ թե Սիրիայի հարցերն են հետապնդվում, այլ կան այնպիսի ուժեր, որոնք իրենց հակամարտությունն ուղղակի տեղափոխել են այդ երկիր»,- համոզմունք հայտնեց նա:
Մյուս մտահոգիչ հարցը, ըստ Մանոյանի, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքն է:
Անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահի ելույթին, որ անհրաժեշտության դեպքում պետք է բանակցվի հայ-թուրքական այլ փաստաթուղթ, ՀՅԴ գործիչը նշեց՝ երկրի ղեկավարի ասածի մեջ նորություն չկար: Ըստ նրա, նախագահը հաստատեց, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի համար այլևս արժեք չունեն և մինչև գարուն դրանք առ ոչինչ կհայտարարվեն:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներին՝ Մանոյանը նկատեց, որ ՌԴ-ի նկատմամբ սանկցիաները երեբեք չեն հասնի այն մակարդակին, ինչ Իրանի նկատմամբ: Դրանք, դաշնակցական գործչի խոսքով, դժվար լինեն այն ծավալների, որ ինչ-որ կերպ խաթարեն ՀՀ անվտանգությունը:
ՀՅԴ գործիչը միաժամանակ շեշտեց, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը չի բխում ՀՀ շահերից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան