«Սերժ Սարգսյանը Մյունխենում մեկտեղեց անվտանգության հայկական և եվրոպական օրակարգերը»
Վերջին շուրջ հինգ տասնամյակում յուրաքանչյուր տարվա փետրվարին Մյունխենը դառնում է գլոբալ անվտանգային քաղաքականության կենտրոն։ Քաղաքի էլեգանտ «Բաուերիշեր հոֆ» հյուրանոցում են հավաքում աշխարհի առաջնորդներ, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ռազմական և հատուկ ծառայությունների ղեկավարներ, հարյուրավոր առաջատար մասնագետներ ու զանգվածային լրատվության ներկայացուցիչներ։ Այս տարի ևս փետրվարի 16-18-ը ավելի քան 400 մասնակիցներ ներկա են գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովին։
Համաժողովի քաղաքական նշանակության և գլոբալ քաղաքական օրակարգում ունեցած դերի ու կարևորության մասին թերևս ավելորդ է խոսել։ Ավանդույթի ուժով արդեն վաղուց այն համեմատվում է Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի հետ, սակայն մեկ առանցքային տարբերությամբ։ Միջազգային թե՛ քաղաքական և թե՛ փորձագիտական առաջատար շրջանակներում միակարծիք են, որ ի տարբերություն Դավոսի, որտեղ կարևոր գաղափարներն ու հայեցակարգային մոտեցումները գրեթե միշտ մնում են համաժողովի շրջանակներում, Մյունխենում դրանք անմիջապես գործողությունների պլանների ու քաղաքական կուրսերի են վերածվում։ Պատահական չէ, որ եվրոպական մայրցամաքի հիմնական դերակատար երկրների ղեկավարներն ու առանցքային մյուս պաշտոնյաները հենց Մյունխենի համաժողովի ելույթներում են առաջ քաշում կարևորագույն հարցերի շուրջ նոր հայեցակարգային մոտեցումներ, քաղաքական նոր կուրսերի ուղենիշներ։ Արդեն ավանդույթ դարձած այս գործելաոճը յուրօրինակ դինամիզմ է հաղորդում Մյունխենի համաժողովին՝ հնարավորություն ընձեռնելով մասնակից քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին անդրադառնալ գլոբալ անվտանգությանն առնչվող հարցերի բավական լայն շրջանակի։
Այս տարի ևս աշխարհի թեժ տարածաշրջաններն՝ ի դեմս Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի, համաժողովի կազմակերպիչների կողմից չէին անտեսվել, սակայն համաժողովի գլխավոր օրակարգային հարցերը երկուսն էին՝ որքանո՞վ է հնարավոր Եվրոպայում հասնել անվտանգային ու պաշտպանական միասնական քաղաքականության մշակման և ինչպիսին պետք է լինի Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հետ։
Հին աշխարհամասում միասնական անվտանգային քաղաքականության խնդիրը ԵՄ ղեկավար կազմի օրակարգում գերակայություն ձեռք բերեց հատկապես Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի նախագահության մեկ ամյակից հետո, երբ պարզ դարձավ, որ անվտանգությանը սպառնացող ռիկսերի, վտանգների ու առհասարակ անվտագային գերակայությունների սահմանման գործում ՆԱՏՕ-ի դերակատարության վերաբերյալ ԵՄ-ում ու Սպիտակ տանը ունեն արդեն իրարից տարբերվող մոտեցումներ։ Այդ իսկ պատճառով համաժողովում ելույթ ունեցած եվրոպական գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները խոսում էին միևնույն շեշտադրումներով՝ ուրվագծել քաղաքական այն գործիքակազմը, որը թույլ կտա ազգային շահերի յուրօրինակ ներդաշնակեցման միջոցով սահմանել Եվրոպական աշխարհամասի անվտանգային ու պաշտպանական միասնական քաղաքականության հայեցակարգը։ Ասվածն առնվազն վկայում է, որ այսպես կոչված միասնական, անբաժանելի անվտանգության հայեցակարգի ստեղծումը առաջիկա տարիներին Եվրոպական քաղաքականության անվտանգային օրակարգի թոփ թեման է լինելու։
Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների խնդիրը թեև արդեն մի քանի տարի համաժողովի օրակարգային խնդիրներից է, սակայն այս տարի այն նոր երանգներ է սկսել ձեռք բերել։ Տեսանելի էր, որ համաժողովի կազմակերպիչները նպատակ էին դրել բոլոր հնարավոր միջոցներով երկխոսության լայն հարթակ ապահովել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները քննարկելու համար։ Նախ համաժողովում լայնորեն շրջանառվեց Դոնբասում ՄԱԿ խաղաղապահների տեղակայման գաղափարն իր բոլոր դետալներով և ապա համաժողովի շրջանակներում անցկացվող առանցքային պանելային քննարկումներից մեկում «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերությունները դիտարկվեց Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների վրա ազդեցության տեսանկյունից։ Նման մոտեցումը էական է, որքանով թույլ է տալիս Ռուսաստան- Արևմտյան Եվրոպա հարաբերությունները հասկանալ ոչ միայն ավելի տարողունակ ձևաչափով, այլ նաև դրանք դիտարկել ըստ այդ երկու բևեռների միջև ընկած երկրների տեսլականների, ինչը թույլ է տալիս առնվազն վեր հանել հնարավորույթունների այն շրջանակը, որ ունեն այդ երկրները ռուս-եվրոպական հարաբերությունները բարելավվելու գործում։
Հայաստանն, ինչպես հայտնի է այդ երկրներից մեկն է և պատահական չէր, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի շրջանակներում ելույթ ունեցավ հենց այս քննարկման շրջանակներում՝ ՌԴ Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոստանտին Կոսաչևի, ԵՄ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ միասին։ Դատելով Սերժ Սարգսյանի ելույթում արված առանցքային մի քանի շեշտադրումներից կարելի է պնդել, որ գործ ունենք դիվանագիտական գրագետ մոտեցմամբ քաղաքական խոսքի հետ, որն ամբողջովին համահունչ էր թե՛ Մյունխենի համաժողովում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած շեշտադրումներին և թե՛ համաժողովի առանցքային մեսիջին՝ միասնական ու անբաժանելի անվտանգային օրակարգ ունենալու անհրաժեշտությանը։
Խոսելով աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների մրցակցության բացասական հետևանքների և այդ պայմաններում ի հայտ եկող մարտահրավերները համագործակցության և շահերի համադրման միջոցով հնարավորության վերածելու մասին՝ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ ըստ էության շահերի խաչմերուկում լինելը դեռ չի նշանակում տուժածի կարգավիճակում լինել։ Որպես օրինակ վկայակոչելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականության հաջողված մոդելը՝ Նախագահը շեշտեց, որ համագործակցության համար բաց լինելն ու ճիշտ հաշվարկները կարող են ավելի շուտ բերել հաջողության, քան հակամարտություններից ժամանակավոր օգուտներ քաղելու գայթակղությունը։ Ըստ էության հարցի այս կերպ անդրադարձով եվրոպական բարձրագույն հարթակից հայտարարվեց, որ եթե Հայաստանն իր ինտեգարցիոն քաղաքականությամբ կարող է կամրջել Ռուսաստանն ու Եվրոպան, ապա եվրոպական մակարդակում ևս այդ երկու կենտրոնների արդյունավետ փոխգործակցության հեռանկարները սպառված չի կարելի համարել։ Պատահական չէ, որ Հայաստանի նախագահի ելույթից անմիջապես հետո համաժողովը պաշտոնապես լուսաբանող գերմանական հեղինակավոր «Deutsche Welle»-ի կայքն իր վերլուծականում մեջբերեց Սերժ Սարգսյանի դիտարկումները։
Ղարաբաղյան հակամարտությանն անդրադառնալով Հելսինկյան գործընթացի և դրա տրամաբանության պահպանման կարևորության շեշտադրման համատեքստում՝ Սերժ Սարգսյանն, ըստ էության, հակամարտությունը զուտ Հայաստանի անվտանգության խնդիր լինելու մակարդակից այն դրեց եվրոպական անվտանգության մակարդակի վրա՝ նշելով, որ «միայն այդ ճանապարհով է հնարավոր ամրապնդել համապարփակ ու անբաժանելի անվտանգության՝ Հելսինկիում հաստատված հայեցակարգը»։ Նկատենք, որ խոսքը այն նույն միասնական անվտանգային հայեցակարգի մասին է, որի մասին ողջ համաժողովի ընթացքում բարձրաձայնում էին եվրոպացի գործիչները։ Անվտանգության հայկական տեսլականը եվրոպական այդպիսի բանաձևմամբ ներկայացնելը միջազգային առաջադեմ հանրության մոտ ընկալումների միանգամայն նոր որակ է սահմանելու ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։
Նույն շեշտադրումներով են նաև ելույթում կատարված մյուս անդրադարձերը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ միասնական օրակարգով աշխատելը միջազգային հարաբերություններում որպես այդ բևեռների համագործակցության օրինակի շեշտադրում ևս նպատակ ուներ ցույց տալու, որ որպես Եվրոպայի մաս՝ Հայաստանի համար արդյունավետ են դիտարկվում բոլոր այն ձևաչափերը, որտեղ շոշափելի է շահերի համադրությունն ու կառուցողականությունը։ Հայ-թուրքական արձանագրություններին անդրադառնալիս Բեռլինյան պատի անկումից հետո հայ-թուրքական փակ սահմանի մասին շեշտադրելը առնվազն ակնարկ էր առ այն, որ սահմանի փակ լինելը որքան Հայաստանի, այնքան էլ աշխարհին բաց սահմաններով ներկայացող Եվրոպայի խնդիրն է։
Արդեն ելույթին հաջորդած հարցերին տրված պատասխաններից ևս նկատելի է, որ հայկական դիվանագիտությունը դրական տրանսֆորմացիաներ է կրում՝ այլևս դադարելով աշխարհի հեղինակավոր ամբիոններից խոսել միայն հայերին ու հայկական գործոնին առնչվող նեղ մոտեցումներով ու ընկալումներով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Մյունխենում ներկա գործիչների մեծ մասը տեղյակ են օրինակ ղարաբաղյան հակամարտության շուրջ զուտ հայկական կողմերի ու ադրբեջանական կողմի դիրքորոշումներից, հետևաբար նույն բանի մասին նորից խոսելու արդյունավետությունը մեղմ ասած կասկածելի է։ Փոխարենը այսպիսի նոր մոտեցմամբ, հայկական դիվանագիտությունը պետք է փորձի իր խնդիրները դիրքավորել գլոբալ թրենդների համատեքստում, մեկտեղել դրանք, մատնացույց անել բոլոր այն հատման եզրերը, որոնք հիմնավոր են, որոնք ընկալելի ու հասկանալի են թե՛ շարքային եվրոպացու և թե՛ որոշումներ ընդունողների համար։
Կնյազ Սարոյան, քաղաքագետ
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահի ելույթը ցույց տվեց մեր դիրքորոշումներում հետևողականությունը. քաղաքագետ
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է
- Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան