ՌԱՄՕ Գրուպը մտադիր է Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացնել
Հայաստանում հիվանդացության և մահացության ցուցանիշներում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է քաղցկեղը։ Այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ՌԱՄՕ Գրուպի գլխավոր տնօրեն Լիո Ռաշիդին և վերահսկիչ խորհրդատու Վարուժան Բիլիմջյանի հետ հանդիպմանը։ Նախարարը նշել է, որ խնդիր կա երկրում զարգացնելու ուռուցքաբանական ծառայությունը:
Ալթունյանը ներկայացրել է Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի բրենդը Հայաստան բերելու պայմանավորվածությունը։ Նա հավելել է, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցելու քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներ ու առաջատար մոդելներ, թիրախային կրթական և այլ ծրագրեր ներդնելու, որոնք կնպաստեն մեր երկրում ուռուցքաբանական ծառայությունների զարգացմանը։
Ողջունելով մասնավոր կազմակերպության մոտեցումը` Լևոն Ալթունյանը շեշտադրել է առողջապահության ոլորտում իրականացվող և նախանշվող այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին։ Եթե ապահովվեն անհրաժեշտ միջոցները և կառուցվի ժամանակակից հիվանդանոց, ապա «Գյուստավ Ռուսսին» այս տարածաշրջանի իր հիվանդներին կուղղորդի Հայաստան։
Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ նպատակ ունեն ներդրումներ կատարելու նաև Հայաստանում, այդ թվում` առողջապահության ոլորտում։ ՌԱՄՕ Գրուպի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանկացած ծրագրի իրագործման դեպքում կկարևորեն սոցիալական ուղղվածությունը։ Նրանք նշել են, որ պատրաստ են հետագա քննարկմանը ներկայացված ծրագրին մանրամասն ծանոթանալուց հետո։
ՌԱՄՕ Գրուպ ընկերության 20 կազմակերպությունները գործում են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Արևելքում։ Կազմակերպությունն արդեն ներկայացուցչություն ունի նաև Հայաստանում։