Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը պատրաստվում է Կիեւի միջազգային մրցաշարին
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով Կիևի միջազգային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով, ըմբիշներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում:
Մարզիչը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ Կիևում հանդես կգա ութ ազատ ոճային: Նրանք են՝ Միհրան Ջաբուրյանը (59 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանն ու Նարեկ Սիրունյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վարուժան Կաջոյան (79 կգ) եւ Շամիր Աթյանը (92 կգ):
86 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Մրցաշարին չեն մասնակցի նաև 97 կգ Գեորգի Կետոևն եւ 125 կգ Լևան Բերիանիձեն:
«86 կգ քաշում մեր ըմբիշը վնասվածք է ստացել, իսկ Կետոևն ու Բերիանիձեն ընդհանուր թիմին կմիանան հաջորդ հավաքից: Այս մրցաշարերը իմ և տղաների համար փորձ են նոր մրցակարգին, մի մասի համար նոր քաշային կարգերին հարմարվելու համար:
Թախտիի գավաթի խաղարկությանն ունեցանք միայն մեկ մեդալ: Իհարկե, արդյունքից գոհ լինել չեմ կարող, սակայն այդ մրցմանը մասնակցեցինք Ծաղկաձորի ծանր ֆիզիկական հավաքից հետո: Այժմ տղաներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում: Տեսնենք՝ Կիևում ինչպես կդրսևորեն իրենց»,-ասել է մարզիչը:
Նրա խոսքով, ըստ անհրաժեշտության, նախքան Եվրոպայի առաջնությունը, գուցե որոշ ըմբիշներ մասնակցեն նաև Խարկովում կայանալիք մրցաշարին: Նախատեսում ենք, որ Խարկովում հանդես կգան նաև Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը պատրաստվող ըմբիշները:
Կիևի միջազգային մրցաշարը կկայանա փետրվարի 23-25-ը:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը
- Ազատ ոճի ըմբիշները մրցաշրջանը մեկնարկում են Ծաղկաձորի հավաքով
- Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալներ է նվաճել միջազգային մրցաշարում
- Ազատ ոճի չորս ըմբիշ կմասնակցի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը