Փաստաբանների հետ երկխոսության հնարավորությունը սպառված չէ. Արդարադատության նախարար
Փաստաբանների նկատմամբ տուգանքի կիրառման հարցում երկխոսության հնարավորությունը սպառված չէ: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակման հարցով իրենց հետ այլևս երկխոսելու հնարավորություն չունենալով է, որ փաստաբանները դիմել են հանրապետության նախագահին:
«Եթե մի կողմը ենթադրում է, որ պարտադիր մյուս կողմը պետք է որոշակի քայլեր կատարի, զիջի իր դիրքերը, երկխոսությունը դա չէ, այլ բացահայտելն է բոլոր ռիսկերը և դրանք միասին չեզոքացնելը: Ես կարծում եմ՝ ռիսկերը չեզոքացված են»,- ասաց նա: Նախարարը մանրամասնեց՝ դրա համար օրենքում հատուկ գործիքներ են ներդրել, ինչպես բողոքարկումը և այն, որ բողոքարկումն անմիջապես կասեցնում է փաստաբանի նկատմամբ նշանակված տուգանքի կիրառումը, մինչև վերադաս դատարանը չքննի այդ հարցը, գործիքներից մեկն էլ դատավորների համար հատուկ պայմաններ-պահանջներ նախատեսելն է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի դատավորը՝ մինչև տուգանքը կիրառելը, որովհետև այն պետք է լինի համաչափ, պիտանի, անհրաժեշտ:
Հարությունյանի խոսքով՝ մի շարք չափանիշներ կան, որոնք ստուգվելու են անգամ բողոքարկման ժամանակ, և եթե դատավորը խախտում կատարեց, չհետևեց օրենքի պահանջներին, արդեն ինքը ենթակա կլինի կարգապահական պատասխանատվության:
Նախարարը նշեց, որ արդարացված չէ փաստաբանների մտահոգությունը, թե այստեղ գործում է կորպորատիվ շահ, որովհետև եթե այս պահին դեռևս արդարադատության խորհրդում դատավորները կազմում են մեծամասնություն՝ ճնշող մեծամասնություն, նոր բարձրագույն դատական խորհրդում դա է եղել պատճառը, որ նրանք բալանսավորված են. հինգ հոգի ներկայացնում է դատական իշխանությունը, իսկ հինգ հոգի ԱԺ-ից ընտրված բարձրագույն դատական խորհրդի անդամներ են:
«Իհարկե, երկխոսության հնարավորությունը երբևէ չի կարող համարվել սպառված, մենք պատրաստ ենք միասին շարունակել աշխատանքը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության նիստին ներկա չլինելը ՄԻՊ-ին չի կաշկանդի. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյանը խոստանում է քննարկել շարժական արագաչափերի ուղղությունները նշելու հարցը
- Նուբարաշենի կոյուղագծերի խնդրին այժմ տրվող լուծումը ժամանակավոր է. Արդարադատության նախարար
- Արդարադատության ցածր որակը ՄԻԵԴ դիմումների աճի լրացուցիչ գործոն է. Դավիթ Հարությունյան
- Փաստաբանների նախաձեռնող խումբը դիմել է նախագահին
- Դատախազների նկատմամբ տուգանքի կիրառման դեմ ակցիաներ չեն լինի. ՀՀ գլխավոր դատախազ
- Փաստաբանների պալատն արձագանքել է Արդարադատության նախարարության պարզաբանմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա