ՀՀ նախագահը Մյունխենում ադեկվատ գնահատական հնչեցրեց Թուրքիայի ղեկավարության հասցեին. քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի համոզմամբ, Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահի ելույթի կարևոր հատվածներից մեկը վերաբերում էր և, և-ի քաղաքականությանը: Նման տեսակետ նա հայտնեց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նկատելով, որ չափազանց կարևոր էր, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանան՝ ինչ է նշանակում Հայաստանի որդեգրած այդ սկզբունքը:
«Նախագահը հանգամանորեն ներկայացրեց, թե ինչու Հայաստանը գնաց և, և-ի ճանապարհով: Սա կարևոր ուղերձ էր միջազգային հանրությանը, քանի որ մանավանդ ԱՄՆ-ում համոզմունք կա, որ Հայաստանը ստիպված է եղել անդամակցելու ԵԱՏՄ-ին: Նախագահն անկեղծորեն ներկայացրեց այն, ինչ տեղի է ունեցել: Իսկ տեղի է ունեցել այն, որ Հայաստանը բանակցել է երկու կողմերի հետ և խաղի կանոններն ամբողջությամբ պահել է: Համաժողովը շատ հարմար առիթ էր, որ այս հարցը հնչեր, և ՀՀ նախագահն անդրադառնար այդ հարցին՝ վերջնականապես փակելով այն»,- նկատեց բանախոսը:
Ինչ վերաբերում է Մյունխենի անվտանգության համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթի՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հատվածին՝ քաղաքագետի համոզմամբ, դա շատ ադեկվատ գնահատական էր ժամանակակից Թուրքիայի ղեկավարությանը:
«ՀՀ նախագահն ասաց, որ եթե Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, դա չի կարող անել առկա արձանագրություններով: Դա շատ ադեկվատ գնահատական էր ժամանակակից մարտահրավերներին և հենց թուրքական ղեկավարությանը: Նախաձեռնելով հայ-թուրքական արձանագրությունները՝ Հայաստանը ցույց տվեց, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: մենք չենք խոսում հաշտեցման մասին, մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին:
ՀՀ նախագահի մեսիջն այն էր, որ եթե Հայաստանը նախապայմաններ առաջ չի քաշում, Թուրքիան ընդհանրապես պետք է մոռանա նախապայմանների մասին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի: Հայ-թուրքական սահմանը չի կարող փակ մնալ, որովհետև սա միակ փակ սահմանն է Եվրոպայում: ՀՀ բոլոր նախագահները փորձել են գործուն քայլեր նախաձեռնել սահմանի բացման ուղղությամբ, սակայն Սերժ Սարգսյանին ավելի շատ բան է հաջողվել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Նա սկսել է մի գործընթաց, որի շուրջ համախմբվել է միջազգային հանրությունը»,- ամփոփեց Սուրեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը կարող է խելակորույս բաներ ասել, իսկ մենք պետք է զգուշավորություն պահպանենք. քաղաքագետ
- «Սերժ Սարգսյանի ելույթն աչքի էր ընկնում կառուցողականությամբ և հավասարակշռվածությամբ». Armenpress
- «Սերժ Սարգսյանը Մյունխենում մեկտեղեց անվտանգության հայկական և եվրոպական օրակարգերը»
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է
- Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան