Ալիևը կարող է խելակորույս բաներ ասել, իսկ մենք պետք է զգուշավորություն պահպանենք. քաղաքագետ
Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից մի քանի կարևոր շեշտադրումներ կարելի է առանձնացնել: Համաժողովում նախագահը տարավ ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթի տրամաբանական շարունակությունը: Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Այն մեսիջները, որ նա փոխանցեց, չափազանց կարևոր էին: Հայաստանն այս դեպքում հանդես չեկավ զուտ որպես անվտանգության սպառող, այլ ընդհակառակը, ցույց տվեց, որ դեր ունի միջազգային անվտանգության համակարգում: Բոլորի համար ակնհայտ է, որ տարածաշրջանային անվտանգության ապահովող հիմնական գործոնը հայկական բանակն է: Հայաստանը պետություն է, որը կարող է դիմակայել Ադրբեջանին՝ թույլ չտալու, որ վերջինս դիմի ագրեսիվ գործողությունների: Այլ կերպ ասած՝ Հայաստանը տարածաշրջանային խաղաղության երաշխավորներից մեկն է: Այս ընկալումը կա բոլորի և մանավանդ ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտ»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով համաժողովում ՀՀ նախագահի ելույթի այն հատվածին, ուր վերջինս շեշտեց Եվրոպայի անտարբերության հետևանքով Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունների մասին, քաղաքագետը նկատեց՝ իրականում սա մեսիջ էր ոչ միայն Եվրոպային, այլև ամբողջ միջազգային հանրությանը և հենց Ադրբեջանին:
«Պատմության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ մարդու ասածը սկզբում որակվել է զառանցանք, իսկ հետո բացասական նշանակություն ունեցել: Ալիևի հայտարարությունները ծիծաղելի են, սակայն դրանց նկատմամբ պետք է ուշադիր լինել: Չի բացառվում, որ զառանցանք հանդիսացող հայտարարությունները կարող են դառնալ հրաման, ինչպես տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի օրերին: Ալիևը կարող է խելակորույս բաներ ասել, իսկ մենք պետք է զգուշավորություն պահպանենք, որովհետև Ադրբեջանի նախագահն անկանխատեսելի անձնավորություն է»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանը խախտում է միջազգային բոլոր նորմերը՝ պատերազմի վերաբերյալ սպառնալիքներ տեղալով: Ավելին, եթե նախկինում Ալիևը սպառնում էր Արցախին, ապա այժմ՝ արդեն Հայաստանին, այսինքն՝ միջազգային մի սուբյեկտը սպառնում է միջազգային մյուս սուբյեկտին: «Միջազգային հանրությունը պետք է համապատասխան հետևություն անի՝ ցույց տալու՝ ով է իրականում Հայաստանը և ով՝ Ադրբեջանը»,- ասաց նա:
Սուրեն Սարգսյանի խոսքով, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը երբեք չի կարող իրեն թույլ տալ միջազգային հարթակներում խոսել ագրեսիայի լեզվով, ինչպես դա անում է Ադրբեջանը: Հենց հավասարակշռվածության համար էլ Հայաստանն ընկալվում է հուսալի գործընկեր: Միաժամանակ ակնհայտ է, որ եթե միջազգային հանրությունն Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններից հետո կոշտ գնահատականներ չի հնչեցնում, այդ երկիրը չի սթափվում և կարող է կրկին հանդես գալ նմանատիպ հայտարարություններով:
Ամփոփելով՝ քաղաքագետն ընդգծեց, որ Ալիևը շատ լավ հաշվարկել է՝ նախընտրական շրջանում ինչի վրա խաղալ՝ ապահովելով սահուն կերպով Ադրբեջանի նախագահ դառնալու հնարավորությունը:
Հարակից հրապարակումներ`
- «Սերժ Սարգսյանի ելույթն աչքի էր ընկնում կառուցողականությամբ և հավասարակշռվածությամբ». Armenpress
- Ժամանակի զգացումը կորցրած Ալիևին սթափվելու հերթական կոչը Մյունխենից
- «Սերժ Սարգսյանը Մյունխենում մեկտեղեց անվտանգության հայկական և եվրոպական օրակարգերը»
- Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը. Սերժ Սարգսյան
- «Ազգ». Ալիևին արժե հակադարձել Մյունխենից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան