Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին աճել է 10.2 տոկոսով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.2%-ով։
Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվարին 2017 թ-ի հունվարի համեմատ աճել է 13.9%-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է 25%-ով:
Այսպիսով, այս տարվա հունվարին շինարարության ոլորտում աճը կազմել է 19.7 տոկոս` 9 միլիարդ 333.7 միլիոն դրամ, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 7 տոկոս, առևտրաշրջանառությունն աճել է 17.3%-ով, ծառայությունների ծավալը՝ (առանց առևտրի) 15.2 տոկոսով:
Ինչ վերաբերում է սպառողական գների ինդեքսին, ապա հունվարին այն աճել 2.7%-ով:
Վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում 0.4%-ով նվազել է միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ կազմելով 17 մլրդ 535.7 մլն դրամ:
ԱՎԾ-ի տվյալներով՝ հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47.6%-ով աճել է արտաքին առևտրաշրջանառությունը, ընդ որում` արտահանումն ավելացել է 45.2 %-ով, իսկ ներմուծումը՝ 48.9%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2 %-ով, մասնավորապես, պետական հատվածում նախորդ տարվա համեմատ աշխատավարձն աճել է 7.1%-ով, մասնավոր հատվածում՝ 11.3%-ով: