Արցախի նախագահ. Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված «Բեյզ Մեթըլս» ընկերության 2017 թվականի գործունեության և 2018 թվականին նախատեսված ծրագրերի հետ կապված հարցերին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հատուկ անդրադարձ է կատարվել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին:
Երկրի ղեկավարը նշել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է հանրապետության ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեությունից է նաև կախված մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի հաջող իրականացումը՝ հավելելով, որ հանքարդյունաբերության ոլորտը և դրա զարգացումը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: