Պոլսի հայոց պատրիարքարանին է վերադարձվել «Սանասարյան հան» շենքի սեփականության իրավունքը
Հանրապետական շրջանում հայերից բռնագրավված բազմաթիվ անշարժ գույքերից մեկը՝ պատմական «Սանասարյան հանի» շենքը դատարանի որոշմամբ վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին:
Այս մասին գրում է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի կայքը՝ հղում անելով պատրիարքարանի իր աղբյուրներին:
«Էրմենիհաբեր»-ը մանրամասնում է, որ պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված Սանասարյան հանի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել բարձր ատյանի դատարան: Շուրջ 3 ու կես տարի շարունակված դատական գործընթացի արդյունքում վճիռ է կայացվել շենքի նկատմամբ ճանաչել Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը:
Նշվում է, որ առաջիկայում վճռաբեկ դատարանը պատկան մարմիններին պատրիարքարանին սեփականության վկայական տրամադրելու համար անհրաժեշտ իրավական գործընթացները սկսելու կարգադրագրեր կուղարկի:
«Սանասարյանի հան» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում