Չի բացառվում, որ Թուրքիան պատերազմ հայտարարի Սիրիային. քաղաքագետ
Ոչ մի կերպ չի կարելի բացառել, որ Թուրքիան կիրագործի սպառնալիքը և Սիրիայի դեմ պատարեզմ կսկսի։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սիրիային պատերազմով սպառնալու հանգամանքին։
«Թուրքիան աշխարհի ամենաանպատժելի պետությունն է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ամենաանպատժելի մարդը երկրագնդի վրա։ Նա կարող է անել այն, ինչ ուզում է, որտեղ ուզում է և երբ ուզում է։ Միայն Թուրքիայի նախագահը կարող է Սիրիայում ցեղասպանություն իրականացնել և մարսել, ռուսական ինքնաթիռ խոցել և մարսել, մտնել ինքնիշխան պետության՝ Իրաքի տարածք և մարսել, քրդերի դեմ ռազմական գործողություններ սկել և մարսել, ԻՊ-ին զենք վաճառել, դրա դիմաց նավթ գնել և վերջապես դա էլ մարսել»,- ասաց մեր զրուցակիցը։
Սուրեն Սարգսյանի խոսքով, միջազգային հանրությունը ոչ թե չի արձագանքում Թուրքիայի սպառնալիքներին, այլ պարզապես չի կարող ոչինչ անել, որովհետև այդ երկիրը, սկսած Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա, ինչ ցանականում, այն էլ անում է։
«Ես չեմ բացառում, որ Թուրքիան կարող է պատերազմ հայտարարել Սիրիային, որոշակի գործողություններ կատարել Հունաստանում՝ այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ։ Ինչպես արդեն ասացի, Թուրքիան անպատժելի պետություն է։ Միայն այդ երկիրը կարող է Վաշինգտոնի կենտրոնում Միացյալ նահանգների քաղաքացիների ծեծել և անպատիժ մնալ։ Պատկերացրեք՝ ՌԴ նախագահի անվտանգության աշխատակիցներն Ամերիկայի կենտրոնում մարդկանց ծեծեին։ Դա համամարդկային աղետ կլիներ, իսկ Թուրքիայի պարագայում միջադեպը մոռացվեց, ոչ մի լուրջ հետևանք չունեցավ»,- նկատեց քաղաքագետեը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս Սիրիայի բանակին սպառնացել է պատերազմական գործողություններով, եթե այդ երկիրը սատարի Աֆրինի քրդական խմբավորումներին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան չի կարող Սիրիայի դեմ պատերազմ սկսելու ինքնուրույն որոշում ընդունել. թուրքագետ
- Թուրքիան Սիրիային պատերազմով է սպառնացել