Մինչև տարեվերջ գրեթե ամբողջությամբ կավարտվի հանրակացարանների տարածքների սեփականաշնորհման գործընթացը. Արման Սահակյան
Հայաստանում 2018 թվականին կներդրվի էլեկտրոնային աճուրդների համակարգը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Այսինքն՝ 2019 թ-ից մենք կունենանք լիարժեք էլեկտրոնային աճուրդների մեխանիզմներ»,-նշեց նա։
Արման Սահակյանը հայտնեց, որ պետական անշարժ գույքի հաշվառման գրանցամատյանում 2017 թվականին վերահաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8862 միավոր անշարժ գույք և պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների գույքի կազմում՝ 2705 միավոր անշարժ գույք: Ըստ նրա՝ 2018թ. հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարվի էլեկտրոնային ինտեգրացված համակարգին: «Արդյունքում, բոլորը կարող են հետևել, թե ինչ անշարժ գույք կա հանրապետությունում։ Հաշվառման համակարգը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ մարմիններին և կունենա ավելի մեծ կիրառական նշանակություն»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ Արման Սահակյանը հայտնեց, որ շարունակվում է հանրակացարանների սեփականաշնորհումը։ Մասնավորապես, ըստ նրա, 2017թ. 249 քաղաքացիներ (90 ընտանիք) նվիրատվությամբ կամ սեփականաշնորհման ճանապարհով իրենց զբաղեցրած հանրակացարանային 91 սենյակների սեփականատեր են դարձել: Մինչդեռ 2016 թվականին 177 քաղաքացի է (68 ընտանիք) 70 սենյակի սեփականատեր դարձել:
Վարչության պետը հայտնեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ փոփոխություններ են կատարվում իրավական ակտերում, որի նպատակն է պարզեցնել սեփականաշնորհման գործընթացները։ «Այս փոփոխությունից հետո 509 ընտանիք կսեփականաշնորհի իր բնակարային տարածքը։ Կարծում եմ, որ մինչև տարեվերջ գրեթե ամբողջությամբ կավարտենք սեփականաշնորհման գործընթացը»,- ասաց Արման Սահակյանը։
Վարչության կողմից հսկողություն է իրականացվում 155 պայմանագրերով նախատեսված բազմաբնույթ պարտավորությունների նկատմամբ. ներդրումային և աշխատատեղերի ստեղծման, պրոֆիլի պահպանման, սոցիալական բնույթի գործարար ծրագրերի և այլ պարտավորություններ:
Անդրադառնալով ներդրումներին՝ պետգույքի վարչության պետն ասաց, որ նախորդ տարի 54 պայմանագրերով նախատեսված ներդրումային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 89 մլն 315 հազար դոլար: 2017թ. կանխատեսումներից 2 մլն 463,3 հազար դոլարի ներդրումների կատարման ժամկետները փոփոխվել են ՀՀ կառավարության որոշման համաձայն:
Չկատարված ներդրումային պարտավորությունները, ըստ նրա, 2017 թվականին 2016 թվականի նկատմամբ նվազել են 86 %-ով:
Արման Սահակյանը հայտնեց, որ վարչության կողմից կնքված պայմանագրերի շրջանակում 2018 թվականին կանխատեսվում է շուրջ 17 մլն դոլարի ներդրում:
Պետգույքի վարչության պետը նաև հայտնեց, որ նախորդ տարի Վարչության կողմից ծավալուն աշխատանք է կատարվել դատարաններում պետության շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Արդյունքում, հարուցված հայցերի և բանակցությունների արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 59 մլն 316 հազ.դրամ:
«Պետական գույքի կառավարման բնագավառում բարեփոխումների գործընթացը շարունակվելու է նաև 2018 թվականի ընթացքում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին