Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց...
Մի օր նախարարով, ԱԺ-ով, բանով գնացինք օրենքներ եփելու: Եփեցինք, եփեցինք, ԱԺ-ում «կոճակեցինք», վերջը «բրինձը գնաց, ջուրը մնաց»:
Ականջներդ կանչի, վարորդներ: Ուրախություններդ մեկից երկու դառնա: Ուրախություն, որ նշված տեղով չանցնող հետիոտնը տուգանվելու է: Դառնանք հետիոտնին: Անցած օրը մի քանի վարորդ ոգևորված զրուցում էին՝ թող գետնանցումներով անցնեն:
Գետնանցումներով ոնց անցնեն հետիոտները: Մա՞րդ չեն: Էդ գարշահոտությունները շնչել պարտավո՞ր են: Օրենք գրեցին ու փաստորեն պարտավորեցնում են հետիոտներին գծերով ու գետնանցումներով անցնել, այնինչ՝ գետնանցումները կոյուղուց չեն տարբերվում:
Բա «դեմն առեք», նոր ասեք՝ գետնանցումով անցեք: Թե՞ գետնանցումը գետնի տակ է, աչքերդ չի քոր գալիս դրա օդից, քաղաքի մաքրության պատասխանատունե'ր:
Կարևորը՝ դրսից սիրուն երևա՝ ՀՀ քաղաքացիները անցնում են գծերով, մտնում են գետնանցումներ... Դուրս կգան, թե չէ՝ Հադիի պե՞տքն է:
Դեղեր-դեղատոմսերի մասով:
Ամեն բժշկական խորհրդատվությունը միջինում 7 հազար արժե: Կասեք՝ գնացեք, պոլիկլինիկաներից դեղատոմսեր վերցրեք: Այսինքն՝ եթե հիվանդանոցում բուժվել եք, երկարաժամկետ օգտագործման դեղեր են գրել, պիտի գնալ հիմա էլ պոլիկլինիկաներո՞ւմ «կյանք պատմել»:
Բայց դա մի կողմ: Հուսամ՝ հասկանում եք, որ դեղատանը դեղատոմսը պիտի վերցնեն: Այլապես՝ ինչ իմաստ ունի դեղատոմսերով դարձնել դեղերը, եթե դեղատոմսը մնալու է հիվանդի ձեռքին:
Անցնենք դեղերի որակին:
Բժիշկը դեղատոմս գրելիս կարո՞ղ է երաշխավորել դեղերի որակը ու կեղծ չլինելը: Կամ դեղատունը, երբ ձեռքիցդ վերցնում է դեղատոմսը, երաշխավորո՞ւմ է, որ տալիս է իրոք վրան գրված դեղը:
Ասում են՝ Հայաստանի Իբոպրոֆեն մի խմեք, Ամերիկայինը խմեք, սա չի ազդում: Հայաստանի Էոտիրոկս մի խմեք, Գերմանիայինը խմեք՝ սա խոտ է...:
Այսինքն՝ Հյուդի, Չատի, երբ անցնում եք դեղատոմսերի «ինստիտուտին», երաշխավոր՞ում եք դրա հետ մեկտեղ, որ դեղը դեղ է, թե՞ միջազգային հանրության աչքին ուղղակի գիտակից ենք երևում՝ «տեսեք, տեսեք, մենք էլ ենք հակաբիոտիկների վնասը հասկանում»:
Դե ասա, տեսնեմ, Մատի, թե չէ մնացինք հերս ու ես...:
Լուսավորվի հոգիդ, Թումանյան: Հեքիաթներ որ չգրեիր, հիմա ես ի՞նչ անուններ պիտի տայի:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ից հակաբիոտիկները կվաճառվեն միայն դեղատոմսով
- Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»