Ընտրակարգի շուրջ կոնսենսուս չի եղել. Նիկոլ Փաշինյան
4+4+4 ձևաչափով քննարկումների ընթացքում ընտրակարգի շուրջ կոնսենսուս չի եղել, կոնսենսուս եղել է ԵՄ տրամադրած գումարները ծախսելու շուրջ՝ տեսախցիկների տեղադրման, անուններով ցուցակները հրապարակելու ուղղությամբ: ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստին՝ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանն իր հերթին նշեց, որ եվրոպական երկրներում գործում է վարկանիշային ընտրակարգը, և չպետք է ամեն գնով փնովել այն: Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ վերջին ընտրությունների ժամանակ ակնհայտ դրական տեղաշարժեր են նկատվել. «Ընտրական օրենսգիրքը բոլոր խնդիրները լուծող համադարման չի կարող լինել»:
Արտակ Զեյնալյանն էլ ներկաներին հորդորեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցին դրական եզրակացություն տալ:
Հարակից զեկուցող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին շեշտեց, որ ինքը ընտրողների անուններով ցուցակների հրապարակումը բացասական է համարել և հիմա էլ բացասական է համարում: Սակայն 4+4+4 ձևաչափով քննարկումների ընթացքում իր կարծիքն իրեն է պահել՝ հանուն կոնսենսուսի: Նա միաժամանակ հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովը ևս ժամանակին նույնօրինակ դիրքորոշում է հայտնել՝ դեմ արտահայտվելով ցուցակների հրապարակման սկզբունքին:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ իրենք ցանկանում են ունենալ ժողովրդի քվեով ընտրված խորհրդարան:
Քննարկման ավարտին ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկի փաթեթը դրվեց քվեարկության՝ արժանանալով բացասական եզրակացության:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում