
«Ծառուկյան» խմբակցությունն առայժմ որոշում չունի Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ. Զոհրաբյան
«Ծառուկյան» խմբակցությունն առայժմ վերջնական որոշում չունի ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Նման քննարկում դեռևս չի եղել, այսօր կամ վաղը ևս նախատեսված չէ։ Մենք ժամանակ ունենք, նախագահի ընտրությունը նախատեսված է մարտի 2-ին։ Վստահ եղեք, որ մարտի 2-ին մենք մեր որոշումը կունենանք»,- ասաց պատգամավորը։
Ճշտող հարցին՝ «Ծառուկյան» խմբակցությունը մարտի 2-ին է նախատեսում հայտնել իր դիրքորոշումը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ կոնկրետ ոչինչ չի կարող ասել, ամեն ինչ կախված է նրանից, թե հարցը խմբակցությունում երբ կքննարկեն։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել էր փետրվարի 14-ին։