Ներքին տեղահանվածները Արցախի Հանրապետությունում
Ադրբեջանից եկած հայ փախստականների խնդիրը մշտապես հանրային քննարկումների օրակարգում է: Խնդրի լուծման ուղղությամբ պետական մակարդակով ևս քայլեր են ձեռնարկվում՝ թե Հայաստանում, թե Արցախում:
Փախստականներն ու ներքին տեղահանվածներն Արցախում հայտնվեցին Ղարաբաղյան հակամարտության սրմանը զուգահեռ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայկական բնակչության ինքնորոշման իրավունքը ուժով ճնշելու Ադրբեջանի փորձերի հետևանքով։
Ադրբեջանական ԽՍՀ-ում հայ բնակչության զանգվածային սպանությունների, ջարդերի ու էթնիկական զտումների պատճառով շուրջ 450 հազար հայեր տեղահանվեցին և արտաքսվեցին Ադրբեջանից։ «ԼՂՀ Փախստականների Միություն» հասարակական կազմակերպության տվյալներով՝ 1988-1991 թթ.-ին ավելի քան 100 հազար հայ Ադրբեջանից արտաքսվեց Լեռնային Ղարաբաղ։ Նրանց զգալի մասը մինչ օրս շարունակում է բնակվել Լեռնային Ղարաբաղում։
Հակամարտության հետագա շիկացումն ու պատերազմի վերաճումը զարկ տվեցին փախստականների ու տեղահավածների նոր ալիքի։ 1991 թ-ի ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական իշխանությունները ներքին ջոկատների ու Սովետական Միության զինված ուժերի աջակցությամբ իրականացրին «Կոլցո» լայնածավալ ռազմական գործողությունը, ինչի հետևանքով Արցախի շուրջ երկու տասնյակ գյուղեր ամայացան ու ավերվեցին, իսկ տասը հազար մարդ բռնի տեղահանվեց։
Եվս 66 հազար հայեր փախստականներ ու ներքին տեղահանվածներ դարձան 1992 թ.-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով, Շահումյան շրջանի, Մարտակերտի շրջանի զգալի հատվածների, Մարտունիի ու Ասկերանի շրջանների հատվածային գրավմամբ:
1993-1994 թթ. -ին Ասկերանի շրջանի գյուղերի ու Մարտակերտի շրջանի զգալի տարածքների ազատագրումից հետո տեղահանվածների զգալի մասը վերադարձավ իր բնակության վայր։
Այսօր ավելի քան 30 հազար փախստական ու ներքին տեղահանված է ապրում Լեռնային Ղարաբաղում՝ կազմելով բնակչության շուրջ 20 տոկոսը։ Դրանք հիմնականում Ադրբեջանից տեղահանված կամ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացիայի տակ գտնվող տարածքների բնակչությունն են, որոնք ենթարկվել են էթնիկական զտումների։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն արել են հնարավորը՝ երկրում նրանց ինտեգրումը կազմակերպելու նպատակով (բնակելի տներ, սոցիալական օգնության տրամադրում)։
2003 թ.-ին ընդունվեց ԼՂՀ Փախստականների մասին օրենքը, որով այդ մարդկանց փախստականի կարգավիճակ տրվեց, ինչպես նաև որոշակի իրավունքներ ու արտոնություններ սահմանվեցին նրանց համար, այդ թվում՝ ծառայությունների ու օգնության տեսքով։
2006 թ. «Փախստականներ և Միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակական ցանցը հարցումներ էր անցկացրել Ադրբեջանից գաղթած և ներկայումս Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Շվեդիայում, Ուկրաինայում, Ղազախստանում և Ուզբեկստանում ապրող հայ փախստականների շրջանում, որոնց արդյունքներով պարզվել էր, որ նրանց կորցրած նյութական վնասը մեկ անձի հաշվով կազմում էր 112 հազար ամերիկյան դոլար։
2016 թ.-ի ապրիլի սկզբին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության թեժացումը շուրջ 14 500 անձանց տեղահանման պատճառ հանդիսացավ (ԼՂՀ բնակչության 9 տոկոսը), որոնցից շուրջ 2 հազարը, հիմնականում կանայք, երեխաներ ու տարեցներ, ապաստան գտան Հայաստանում: Մինչ 2016 թ-ի ավարտը նրանց մեծ մասը կարողացավ վերադառնալ նախկին բնակության վայր, սակայն 573 մարդ (172 ընտանիք) հիմնականում հակամարտությունից առավել տուժած Թալիշ գյուղից մնացին տեղահանվածի կարգավիճակում։
Միջազգային կազմակերպությունների ու դոնորական կառույցների կողմից պատշաճ ֆինանսական աջակցության բացակայության պայմաններում, բացառությամբ ԿԽՄԿ-ի, ԼՂՀ կառավարությունը իրավիճակին փորձում է լուծում տալ իր սահմանափակ ֆինանսական միջոցների հաշվին։
2016 թ.-ի ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության Քաղաքաշինությոան նախարարությունը շուրջ 4,640,000 ԱՄՆ դոլար արժողությամբ շինարարական ծրագրեր է իրականացնում Մարտակերտում, Մատաղիսում, Թալիշ և Ալաշան գյուղերում։
Նշված ֆինանսական միջոցները ուղղվել են Մարտակերտի 37 և Մատաղիսի 26 բնակելի տների վերանորոգմանը, Մատաղիսում ու Թալիշում դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին, Թալիշում վարչական շենքի, Ալաշանում 21 քոթեջների ու հանրակացարանների շինարարությանը։
ԼՂՀ աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման հարցերով նախարարությունը տարաբնույթ աջակցություն է տրամադրել (սնունդ, հիգիենայի պարագաներ, կահույք, տնահին սպասք) Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս ու Տոնաշեն գյուղերից տեղահանված և Ստեփանակերտում, Շուշիում ու Ալաշանում ապաստան գտած անձանց։ Բացի այդ, նախարարությունը Թալիշ գյուղի 34 բնակիչների միանվագ դրամական օգնություն ցուցաբերեց 110 ԱՄՆ դոլարի չափով։ Ընդհանուր առմամբ, օգնության գումարը կազմել է 25 հազար ԱՄՆ դոլար։ Լրացուցիչ 8 հազար դոլար տրամադրվել է անասուն ձեռք բերելու համար։
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն միակ միջազգային կազմակերպությունն է, որը Արցախի տեղահանված անձանց աջակցություն է ցուցաբերում, մինչդեռ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը աջակցություն է տրամադրում միայն այն տեղահանվածներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանի տարածքում։
ԿԽՄԿ- ն իր գործունությունը Լեռնային Ղարաբաղում սկսել է 1992 թ-ից՝ իրականացնելով բազմաթիվ մարդասիրական նախաձեռնություններ ու աջակցելով հասարակության առավել խոցելի խմբերին, ներառյալ փախստականներին ու տեղահանվածներին։
2016 թ.-ի ապրիլյան պատերազմից հետո Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակը համագործակցություն ծավալեց տեղական իշխանությունների հետ և առավել տուժած գյուղերից (Թալիշ, Տոնաշեն, Մատաղիս) տեղահանված ընտանիքների ամենաառաջնային կարիքները հոգաց։ Մասնավորապես, ԿԽՄԿ գրասենյակը երկու ամիս շարունակ գումար (մեկ մարդու շնչով ամսական շուրջ 80 ԱՄՆ դոլարի չափով) տրամադրեց այն անձանց, ովքեր չունեին կանոնավոր եկամուտ ու աշխատավարձ տեղահանված ընտանիքների սննդի ու կենսական այլ պահանջները բավարարելու նպատակով։
ԿԽՄԿ - ի կողմից հատկացվող սահմանափակ ֆինանսավորման, ինչպես նաև հայկական սփյուռքի ու 1998 թ.-ից ԱՄՆ կոնգրեսի հատկացումների շնորհիվ որոշ կարիքներ բավարարվել են։ Սակայն ավելի շատ աջակցություն է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղում փախստականների ու ներքին տեղահանվածների հիմնական կարիքները հոգալու համար։
Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խոչընդոտել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և այլ մասնագիտացած կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, ընդդիմանում են ցանկացած միջազգային աջակցության, որ ուղղված է Արցախի տեղահանված բնակչությանը, և այդպիսով խախտում են նրանց հիմնարար իրավունքները։ Արդյունքում, այդ մարդիկ ենթարկվում են կոլեկտիվ պատժի զուտ այն փաստի պատճառով, որ ապրում են չճանաչված պետությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան