Բրազիլիայի նորանշանակ դեսպան. Հայաստանի հետ կապված շատ ծրագրեր ունեմ
Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունները տարեցտարի զարգանում և ընդլայնվում են՝ հորիզոններ բացելով համագործակցության նոր բնագավառների համար: Նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի հետ հանդիպմանը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Արա Բաբլոյանը կարևորել է տարիների ընթացքում կատարված բարձր մակարդակի այցերը և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանն ու համագործակցության աշխուժացմանը՝ հույս հայտնելով, որ որպես փորձառու դիվանագետ՝ Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը կնպաստի հայ-բրազիլական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության խորացմանը:
Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություները, մասնավորապես ստորագրված պայմանագրերը կսկսեն իրականանալ Բրազիլիայի Սենատում վավերացվելուց հետո: Դեսպանի խոսքով՝ վավերացումը հնարավորություն կտա նոր ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, բացել բրազիլական շուկան հայ արտադրողի համար, մեծացնել ապրանքաշրջանառության ծավալները:
Դեսպանը նշել է, որ գործնական դիվանագիտության կողմնակից է, և Հայաստանի հետ կապված շատ ծրագրեր ունի իրականացնելու:
Նորանշանակ դեսպանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցելու ՀՀ Ազգային ժողովի հետ, նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հայ-բրազիլական համագործակցության ընդլայնման առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվում
- Բրազիլիայի ԱԳ նախարարը դրվատանքով է խոսել բրազիլահայ մեծաթիվ համայնքի մասին
- ՀՀ-ի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը նոր հնարավորություններ է բացում. Նալբանդյան
- Հայ-բրազիլական տնտեսական կապերը փոքր-ինչ սահմանափակ են