Արա Սաղաթելյանը Երուսաղեմում մասնակցում է խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների միջազգային համաժողովին
Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվում է խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների և գլխավոր քարտուղարների միջազգային համաժողով, որտեղ ներկայացված են ընդամենը 25 երկրների խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ, որոնց շարքում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Կնեսեթի պատմության մեջ ամենախոշոր միջխորհրդարանական համաժողովին մասնակցում են աշխարհի խորհրդարանների աշխատակազմերի շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի աշխատանքներին ներկա են նաև Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչը և քարտուղար Յարդենա Մելլեր-Հորովիցը:
Կնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնը համոզմունք է հայտնել, որ համաժողովը մեծապես կնպաստի խորհրդարանների միջև արդյունավետ համագործակցության ամրապնդմանը:
Համաժողովի ընթացքում քննարկումներ տեղի կունենան մասնավորապես Կնեսեթի օրինակով հանրության համար խորհրդարանների մատչելիության, օրենսդրական աշխատանքի թափանցիկության ու հրապարակայնության, գործադիրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմաների շուրջ: Համաժողովի մասնակիցները ճանաչողական այցով կլինեն նաև Կնեսեթի Կանաչ գոտում, այցելուների կենտրոնում, պահակազորում: Հյուրերը Երուսաղեմում կայցելեն Լացի պատ, Հոլոքոստի հուշահամալիր, իսկ Թել Ավիվում՝ հրեա ժողովրդի թանգարան:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Բրազիլիայի, Կանադայի, Կիպրոսի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Չեխիայի, Եվրոպական խորհրդարանի, Գերմանիայի, Գանայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի, Մեքսիկայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Ռուանդայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ուգանդայի, Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները:
Հարակից հրապարակումներ`
- Կարևորվել են խորհրդարանների աշխատակազմերի միջև շփումները և փորձի փոխանակումը
- Շվեյցարիայի խորհրդարանի գլխավոր քարտուղարին ներկայացվել են ՀՀ ԱԺ աշխատակազմում ընթացող բարեփոխումները