Յուրաքանչյուր ադրբեջանահայ փախստական իրավունք ունի հավակնելու միջին հաշվով 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք փոխհատուցման. Արման Մելիքյան
Ադրբեջանից հայ փախստականների խնդիրների ուսումնասիրմամբ է զբաղվում «Փախստականները և միջազգային իրավունքը» կազմակերպությունը: ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, ով այս կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատուն է, Panorama.am-ի հետ զրույցում անդրադարձավ փախստականների խնդիրներին, նրանց՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հիմքերին և մի շարք այլ հարցերի:
- Պարոն Մելիքյան, «Փախստականները և միջազգային իրավունքը» ՀԿ-ն, որի քաղաքական հարցերով խորհրդատուն եք, զբաղվում է ադրբեջանահայ փախստականների խնդիրներով և իրավունքներով: Կխնդրեի խմբավորել՝ ի՞նչ խնդիրների են ամենից հաճախ բախվում նրանք, ի՞նչ իրավունքներ են խախտվում:
- «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը ոչ թե առանձին ՀԿ է, այլ մոտ մեկ տասնյակ ՀԿ-ների միություն: Այդ միությունը ստեղծվել է 2006 թվականի հունիսին` ադրբեջանահայ փախստականների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը գոնե հասարակական մակարդակում ապահովելու նպատակով: Ցանցի գործունեության կարևորագույն ուղղությունն էր հատուկ հարցաթերթիկների միջոցով ադրբեջանահայ փախստականների` Ադրբեջանից բռնի վտարվելու հանգամանքների վերաբերյալ հնարավորինս մանրամասն տեղեկությունների հավաքագրումն ու ամբարումը, հետագայում դրանց հիման վրա մեր հայրենակիցների կրած տարաբնույթ կորուստների փոխհատուցումը պահանջելու համար տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով:
- Հասարակական այս կազմակերպությունը տվյալների հավաքագրման լուրջ բազա ունի: Ի՞նչ տվյալներ կան այդ շտեմարանում, ու՞մ են հասանելի դրանք:
- Քանի որ այս տեղեկատվության իրական հասցեատերը` մեր պետական համակարգը, հրաժարվել է ադրբեջանահայ փախստականներին այս հարցում աջակցելու պարտականությունից և, ավելին, վերջին տասը տարիների ընթացքում լրջագույն ջանքերն է գործադրել նրանց դատն ու շահերը մոռացության մատնելու և իրական քաղաքական օրակարգից ջնջելու համար, այդ հավաքագրված տվյալները որևէ մեկին հասանելի չեն ու կմնան փակի տակ այնքան ժամանակ, մինչև որ Հայաստանի և Արցախի գործող իշխանությունները կամ իրենք խելքի կգան ու կհասկանան, որ այս հարցում իրենց անգործությունը հանցավոր է, կամ էլ իշխանության ղեկը կանցնի նոր մարդկանց ձեռքը և նրանք իրենց նախորդների չարածը վերջապես կանեն: Ավելացնեմ միայն, որ ժամանակին այդ հարցաթերթիկների մի քանի խմբաքանակ ուղարկվել է համապատասխան պետական օղակին ու մնացել անտեսված:
- Դուք նաև տվյալներ ունեք այն մասին, թե ինչ գույք, ինչ սեփականություն է թողել ադրբեջանահայությունը՝ Ադրբեջանի տարածքում: Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել՝ մոտավորապես ի՞նչ ծավալների մասին է խոսքը:
- Մեր ունեցած տվյալների համաձայն յուրաքանչյուր ադրբեջանահայ փախստական իրավունք ունի հավակնելու միջին հաշվով մոտ 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք փոխհատուցման, կրած զուտ նյութական ու ֆինանսական ուղղակի վնասների դիմաց ու եթե ելնենք այն բանից, որ Ադրբեջանից բռնի վտարվել է ավելի քան կես միլիոն հայ, ապա միայն այս մասով պահանջվելիք փոխհատուցումը մի քանի տասնյակ միլիարդ դոլարի հարց կարող է լինել: Բայց փոխհատուցման ենթակա տարաբնույթ վնասների ցանկը շատ ավելի ընդգրկուն է:
- Պահպանվու՞մ է այդ գույքի նկատմամբ իրավունքը կամ կա՞ն բավարար հիմքեր-ապացույցներ այդ իրավունքը վերականգնելու համար:
- Եթե սա դառնա պետական քաղաքականության օրակարգային խնդիր և մեր համապատասխան իշխանական օղակներն այս հարցում լրջորեն գործելու հետևողականությունն ունենան, ապա ես տեսնում եմ թե ինչ կոնկրետ քայլերի միջոցով, բավական կարճ ժամանակահատվածում` բառացիորեն մեկ-երկու տարվա ընթացքում, մենք կարող ենք փոխհատուցումների հարցում, ինչպես նաև հակամարտության կարգավորման գործընթացում ակնառու առաջընթաց գրանցել:
- Ըստ որոշ տվյալների՝ մոտ կես միլիոն ադրբեջանահայ է լքել Ադրբեջանը, որից չորս հարյուր հազարը սկզբնական շրջանում բնակություն է հաստատել Հայաստանում և Արցախում: Այսօր տվյալներ կա՞ն՝ Հայաստանում և Արցախում քանի՞ փախստական է ապրում:
- Ստույգ տվյալներ ինձ այժմ հայտնի չեն, գիտեմ միայն, որ պետական մակարդակում ահռելի ջանքեր են գործադրվում Հայաստանում ադրբեջանահայ փախստականների թիվն արհեստականորեն նվազեցնելու համար: Բայց դա ևս կապ չունի` մենք աշխատում ենք ադրբեջանահայ փախստականների հետ անկախ այն բանից, թե տվյալ պահին նրանք որտեղ են փաստացի բնակվում` կապ ենք հաստատել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մոտ երեսուն հազար ադրբեջանահայ փախստականների հետ, իսկ իրենց` փոխհատուցում ստանալու իրավունքն անօտարելի է և պահպանվում է անկախ գտնվելու վայրից:
- Օրեր առաջ ասուլիսի ժամանակ հնչեց տեսակետ, որ Հայաստանը պասիվ է Ադրբեջանից գույքային պահանջներով ՄԻԵԴ դիմումների առումով: Արդյո՞ք իմաստ ունի առանձին դիմումների ներկայացումը ՄԻԵԴ, այն կարո՞ղ է նպաստավոր դեր խաղալ, թե՞ հակառակը՝ կարող վնասել:
- Հայաստանի պետական մարմինների այս հարցով ադրբեջանահայ փախստականների դիմումները ՄԻԵԴ-ին ուղարկելու գործում ստանձնած դերակատարումը մեր ազգային խայտառակության ամենավառ դրվագներից մեկն է, բայց սա առանձին մի պատմություն է: Կարող միայն մի բան ասել` նրանք օտարի դատին կամավոր կերպով հանձնեցին մեզ համար բոլոր առումներով առանցքային հանդիսացող ազգային մի խնդիր: Նրանց որդեգրած պահվածքի արդյունքում ՄԻԵԴ-ում դժվար թե երբևէ քննվեն Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Մինգեչաուրից, Ղազախից և հայաբնակ այլ բնակավայրերից բռնագաղթված մեր հայրենակիցների հայցերը: Այստեղ բոլորովին այլ լուծումներ են անհրաժեշտ ու դրանք կան:
Panorama.am-ը կներկայացնի նաև արձագանք ՀՀ միգրացիոն պետական ծառայությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան