Մարտի 1-ի հարցը մեր պատմության լրջագույն և ամոթալի էջերից է. Գևորգ Կոստանյան
Մարտի մեկի հարցը ՀՀ երրորդ Հանրապետության պատմության լրջագույն և ամոթալի էջերից է: Այդ իրադարձությունները պատիվ չեն բերում որևէ մեկին, ՀՀ որևէ քաղաքացու՝ անկախ վերջիններիս քաղաքական հայացքներից: ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի՝ այսօր կայացած նիստին ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ միաժամանակ անթույլատրելի համարելով, որ հանձնաժողովի նիստում նման լուրջ հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց:
Պատգամավորը շեշտեց, որ մարտիմեկյան դեպքերի բացահայտման ուղղությամբ բազմաթիվ գործողություններ են կատարվել: Կոստանյանը նաև նկատեց, որ մարտի մեկի իրադարձությունների հիմքերն ավելի խորն են, քան զուտ ընտրությունների արդյունքներից դժգոհ լինելը: Ինչ վերաբերում է ԱԺ-ի կողմից մարտիմեկյան դեպքերը դատապարտող հայտարարություն ընդունելու «Ելք» խմբակցության առաջարկին, պատգամավորը շեշտեց, որ հայտարարության անհրաժեշտությունը բացակայում է՝ թե փաստագրական, թե նպատակահարմարության տեսակետից: «Ես գտնում եմ, որ հարցը չի կարող դրական եզրակացության արժանանա»,- ասաց նա:
Փաշինյանն իսկապես իր ելույթի ընթացքում մի անկեդատ պատմեց, որի ընթացքում Գևորգ Կոստանյանը մի քանի րոպեով դուրս եկավ դահլիճից, այնուհետ՝ վերադարձավ: Ի պատասխան իր հասցեին Կոստանյանի մեղադրանքի՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ անեկդոտը մարտիմեկյան դեպքերին և զոհերին ուղղակի առնչություն չուներ: «Ելք» խմբակցության պատգամավորը նաև շեշտեց, որ մարտի մեկի ամոթն իր ամոթը չէ, ինքն ամաչելու ոչինչ չունի, մարտի մեկի ամոթն իշխանություններինն է: Նա չհամաձայնեց Գևորգ Կոստանյանի հետ և ընդգծեց, որ մարտի 1-ի դեպքերը ուղիղ հետևանք են դրանց նախորդած ընտրությունների:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ուշադրություն հրավիրեց իրենց այն ձևակերպման վրա, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ եղել է ոչ թե 10, այլ առնվազն 10 զոհ, այսինքն՝ զոհեր են թաքցվում: Ըստ նրա, իր ձեռքի տակ եղած դատաբժշկական փաստաթղթերի համաձայն՝ տասը զոհերից ոչ մեկի լեզուն կամ ծնոտը չի բացակայել, մինչդեռ մարտիմեկյան դեպքերի օրերին քաղաքում մարդկային լեզու և ծնոտ է հայտնաբերվել: Բացի այդ՝ առկա են կադրեր, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է «Նիվա» մակնիշի ավտոմեքենան մի տղամարդու վրաերթի ենթարկում: Ըստ Զեյնալյանի պնդման՝ անհնար է, որ նման հարվածից հետո մարդը ողջ մնա:
Քննարկման ավարտին հանձնաժողովի անդամները բացասական եզրակացություն տվեցին «Ելք» խմբակցության՝ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն ընդունելու մասին նախագծին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին