«Պիոներ» կինոթատրոնը տուգանվել է «Ստալինի մահը» ցուցադրելու համար
«Պիոներ» կինոթատրոնը տուգանվել է 100 հազար ռուբլիով՝ «Ստալինի մահը» ֆիլմը մեծ էկրանին ցուցադրելու համար: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
«Պիոներ»-ը այս ֆիլմը ցուցադրած միակ կինոթատրոնն է, որից Մշակույթի նախարարությունը հետ է վերցրել վարձույթի հավաստագիրը: Կինոթատրոնում այս որոշումն անարդար են համարում, քանի որ Ռոսկոմնադզորից ծանուցում են ստացել արդեն ֆիլմի սեանսներից հետո:
Այս վարչական գործով հայց է ներկայացրել ՌԴ մշակույթի նախարարությունը, որը երեք հայց է ներկայացրել դատարան, քանի որ «Պիոներ»-ը հասցրել է երեք դիտում կազմակերպել:
Կինոթատրոնի ներկայացուցիչները հաստատում են, որ մինչև ֆիլմի ցուցադրումը իրենք պաշտոնական ծանուցում չեն ստացել, իսկ լրատվամիջոցների տեղեկությունների վրա հիմնվել չէին կարող:
«Չի կարելի խախտել կինոդիտման արգելքը, որի մասին կինոթատրոնը ծանուցված չէ: Սրանից մենք եզրակացնում ենք, որ Մշակույթի նախարարության գործողություններն անբարեխիղճ են, և դրանց նպատակը միայն կինոթատրոնին պատասխանատվության ենթարկելն է»,-ասել են կինոթատրոնի ներկայացուցիչները:
Նախարարությունից որևէ ներկայացուցիչ դատարան չի եկել: