Ամփոփվել են «VivaStart» ծրագրի՝ 2017 թվականի արդյունքները
Բիզնես էթիկայի նորմերն ու բարձրակարգ սպասարկումը շարունակում են մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում քաղաքակիրթ մոտեցում ապահովելու համար, ընկերությունը կարևոր է համարում ոչ միայն աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, այլև` մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տևական ժամանակ իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որի հիմքում այդ մոտեցումն է:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ 2017 թվականին ծրագրից օգտվել է 79 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում, մասնակիցները ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը:
«VivaStart»-ի արդյունավետությունը շահառուների տեսանկյունից գնահատելու համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունն արդեն երկրորդ տարին շրջանավարտ ուսանողներին առաջարկում է մասնակցել մրցույթի և էլեկտրոնային փոստով ուղարկել առաջարկություններ և դիտարկումներ՝ ծրագրից քաղած արդյունքի մասին: Հետաքրքրություն դրսևորած ուսանողների աշխատանքներից մասնագիտական հանձնաժողովը հաղթող է ճանաչել երեքը: Դրանց հեղինակները՝ Աննա Ավետիսյանը, Սոնա Չարչյանը և Քնարիկ Կիրակոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, արժանացել են մրցանակի՝ «Huawei 6X Premium» սմարթֆոնների: Իսկ երկուսը՝ Ամալյա Ալոյանն ու Նելլի Միքայելյանը, արժեքավոր՝ «ոսկե» հեռախոսահամարների:
2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 184 ուսանող: «VivaStart»-ի շրջանավարտներից 80-ը, մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր աշխատավայրերում, այդ թվում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակիցների մոտ: Նրանցից 14-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում:
«Գիտելիքներ ձեռք բերելու ընթացքում, շատ կարևոր է վերլուծելը, եզրակացություններ անելն ու որոշում կայացնելը: Գուցե, մինչև դասընթացին մասնակցելը, ծառայություն մատուցող աշխատակցի և բաժանորդի շփումը դիտարկվում է այլ տեսանկյունից, սակայն վստահ եմ, որ տարբեր սպասարկման կենտրոններում անցած գործնական դասընթացներից հետո, ձեզանից շատերը բացահայտել են, որ մարդկային շփման բանալին քաղաքակիրթ հաղորդակցությունն է: Որքան լավ հիմքերի և հարգանքի վրա լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը. բաժանորդը՝ սպասարկման որակի, իսկ աշխատակիցը՝ բաժանորդամետ մոտեցման համար: Ուրախ եմ, որ «VivaStart» ծրագրի շրջանավարտները» պահանջարկ են վայելում ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտում, այլև առհասարակ՝ աշխատաշուկայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արդեն իսկ մեկնարկել է 2018 թվականի ծրագիրը, որին մասնակցության հայտ է ներկայացրել տարբեր բուհերի 250 ուսանող:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին