Արա Բաբլոյանը կարևորել է հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը այսօր այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Խորհրդարանի ղեկավարն արժևորել է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունները՝ պայմանավորելով դրանք բազմադարյան բարեկամությամբ, պատմական առնչություններով և հայ համայնքի մեծ դերակատարությամբ:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Միշել Աունի ներդրումը Լիբանանի կայունության, անվտանգության և զարգացման գործում:
Խոսելով լիբանանահայ համայնքի մասին՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ նրանք առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ են և լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և կրթական կյանքում:
Արա Բաբլոյանը կարևորել է հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը և պատգամավորական բարեկամական խմբերի համագործակցությունը:
Լիբանանի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելելու Հայաստան:
Միշել Աունի խոսքով՝ Լիբանանը մշակութային բազմազանություն ունեցող երկիր է, որտեղ տարբեր ազգերի և դավանանքների տեր մարդիկ համերաշխ ապրում են կողք կողքի՝ հարգելով միմյանց: Լիբանանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, կարևորել է անվտանգության և կայունության ապահովումը:
Հանդիպման ավարտին Լիբանանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից Լիբանան այցելող զբոսաշրջիկների թիվը 2017-ին գերազանցել է 11 հազարը. Ավետիս Կիտանյան
- Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի դիրքորոշումը. Նալբանդյան
- Լիբանանի նախագահ. Մենք շատ ենք հենվում հայերի վրա բոլոր բնագավառներում
- Լիբանանի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
- «Արդարությունը պետք է վերականգնվի». Լիբանանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը