Կամերային երաժշտության ազգային կենտրոնը «Ճանապարհ կբացի» երիտասարդների համար
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը նախաձեռնել է նոր ծրագիր՝ «Ճանապարհ երիտասարդներին» խորագիրը կրող միջոցառումների շարք: Փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանը նշեց, որ այս միջոցառումներին բացառապես երիտասարդ կատարողներ են մասնակցելու՝ դաշնակահարներ, ջութակահարներ, վոկալիստներ, ազգային նվագարաններ նվագող երիտասարդներ:
Հովեյանը խոստացավ անաչառ ընտրություն կազմակերպել: Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ամիսը մեկ անգամ կկազմակերպվի ընտրված երաժիշտների համերգը: Ծրագրի անդրանիկ համերգը կկայանա մարտի 15-ին, կմասնակցեն կոնսերվատորիայի ուսանողները՝ ջութակահարներ Էդմոնդ Հովհաննիսյանը և Անի Բալյանը, ԵՊԿ-ի որակավորման բարձրագույն կուրսերի ուսանող Արուսյակ Դավթյանը:
Անի Բալյանի կարծիքով՝ երիտասարդ երաժիշտներին բեմ հատկացնելն անչափ կարևոր է, դա մեծ դեր է խաղում իրենց լիարժեք զարգացման գործում: Բալյանը համերգի ժամանակ ներկայացնելու է Էռնեստ Շոսսոնի և Ֆրից Կրեյսլերի ստեղծագործություններից:
«Ելույթի պահին կենտրոնացվածությունը թույլ չի տալիս նկատել հանդիսատեսի արձագանքը: Էմոցիաները պետք է կենտրոնացված լինեն երաժշտության մեջ, միայն ելույթի վերջում ես դու զգում այդ էներգիան, որ գալիս է հանդիսատեսի կողմից, այսինքն՝ արածիդ արձագանքը»,- ասաց նա:
Արուսյակ Դավթյանի խոսքով՝ նման միջոցառումները մեծ դեր են խաղում երիտասարդ երաժիշտների կարիերայի, առաջընթացի մեջ: Դավթյանը ծրագրի բացմանը ներկայացնելու է Դոնիցետտիի և Աբրահամյան: «Իմ կարծիքով՝ այս ծրագիրը մեզ կօգնի մեր խոսքը տեղ հասցնել հանդիսատեսին, և հուսով եմ՝ այս համերգը շատերին շատ բան կասի»,- ասաց նա:
Էդմոնդ Հովհաննիսյանը համերգին նվագելու է Ռավելի ստեղծագործություններից: Նա նշեց, որ վերջերս սկսել է ելույթից առաջ չափից շատ հուզվել, սակայն խոստացավ մարտի 15-ին քիչ հուզվել, որպեսզի հուզմունքը չազդի նվագի վրա:
«Մենք աշխատում ենք բոլոր երաժշտական կենտրոնների հետ, բաց ենք ցանկացած համագործակցության համար: Եթե ուրիշ ցանկացողներ լինեն, մենք կհայտարարենք ներքին մրցույթ, թող գան, ժյուրին որակի ապահովման համար կլսի իրենց, մենք նրանց կտրամադրենք հարթակ, նման ծրագրերը պիտի խթան հանդիսանան, որ մեր երիտասարդները ձգտեն ավելի մեծ բեմերի»,- նշեց նա:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը մայիսի 10-ին կազմակերպելու է մեծարման երեկո-համերգ՝ նվիրված հայ մեծանուն երաժիշտ, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 90-ամյա հոբելյանին:
Հովեյանը նշեց՝ 2017-ը եղել է հարուստ և բովանդակալից. Մշակութային կանգառ ծրագրի շրջանակներում ունեցել են 36 մարզային համերգ, միայն «Արտ սինեմա» անսամբլի 12 համերգից 10-ը պրեմիերա է եղել: «Մենք տարին փակել ենք փայլուն՝ բոլոր առումներով՝ ֆինանսական և ոչ ֆինանսական, ունենք նորանոր ծրագրեր, հրավիրված հյուրեր: 2018-ը լինելու է փայլուն հաղթանակների տարի»,- ասաց նա: